Լուրեր
|
2019 թվականի ապրիլի 7-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը արտակարգ փայլ էր ստացել: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի, էքսկուրսավար Գոհար Մխիթարյանի և կենտրոնի կամավոր երիտասարդների կազմակերպմամբ, Ավետման տոնի կապակցությամբ տոնական սեղանի շուրջ էին հավաքվել համայնքային և թեմական կյանքի ճանաչված և նվիրական թբիլիսահայ տիկնայք: Հավաքին իրենց պատվավոր ներկայությունն էին բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի տիկին Մերի Սադոյանը և Վրաստանում ՀՀ հյուպատոս Մարինա Խաչատրյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից: Ամենայն հայոց բանաստեղծի նախկին բնակարանում վերստին թևածում էր թումանյանական հյուրընկալ և հյուրասեր տան շունչը, ներկաներին ներշնչելով սիրո, հայրենասիրության, ազգասիրության և բարեկամության այն վեհ զգացմունքները, որով հագեցած է այս կենտրոնը: Ավետման տոնի կապակցությամբ ներկաներին փոխանցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհավորանքները և բարեմաղթանքները: Տիկին Մերի Սադոյանը թբիլիսահայ տիկնանց փոխանցեց պարոն Սադոյանի գողտրիկ նվերները: Ու ծայր առավ Թումանյանի հարկի տակ հայոց տիկնանց ուրախ երգն ու արտասանությունը, կատակն ու զվարճալի խաղը: Ավետման օրը Հովհաննես Թումանյանի տուն կենտրոնում դարձավ հիրավի տոնական՝ թբիլիսահայ տիկնանց պարգևելով գեղեցկության և մայրության օրվա բերկրանքը:
|