Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Անի» պարային համույթը մասնակցեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին |
«Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցում էր հունիսի 30-ից: 26 հոգուց բաղկացած համույթը փառատոնին ներկայացել էր ժողովրդական 8 պարով եւ ելույթ ունեցավ Գյումրիում, Աշնակում, Երեւանում: Հուլիսի 10-ին համույթը, որ էքսկուրսիայի էր մեկնել Խոր Վիրապ, Արարատ քաղաքում հանդես եկավ համերգով: Համույթի ելույթները ընդգրկված էին Պյատիգորսկի «Անի», Խարկովի «Արաքս», Թուրքիայի «Մարալ». Ախալցիխեի «Գոհանամք» պարային համույթների հետ համատեղ համերգային ծրագրում: Ուրախացնող էին հանդիսատեսի պահանջով հատկապես «Կինտաուրի» եւ «Քոչարի» պարերով կրկնակի ելույթները: Համահայկական փառատոնը ոչ միայն դարձավ հայրենիքից դուրս հայ պարարվեստի պահպանման եւ տարածման դրվածքի ստուգատես, այլեւ հայ ազգագրական պարը ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու կարողության զարգացման հնարավորություն: Փառատոնի օրերին գլխավոր բալետմայստեր Կարեն Գեւորգյանն անց էր կացնում վարպետության դասեր, որոնց մասնակցում էին Սփյուռքից ժամանած հայ պարային համույթները: Նման վարպետության դասեր անցան «Անի» համույթի պարուսույցը ու անդամները: |