Կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում |
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, մարտի 7-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին: Ցուցադրվել էին երկու տասնյակ կին-մասնակիցների ձեռքով պատրաստած ասեղնագործության, գորգագործության, գոբելենի նմուշներ, հարսանեկան տարոսիկներ, կանացի զարդեր և այլն: Բացելով ցուցահանդես-վաճառքը, Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց 1996 թվականից Վրաստանում գործող կանանց միության գործունեությունը, որի համար թիրախային եղել և մնում է մայր հայրենիքից դուրս հայերենի պահպանությունը, ընտանիքում և հասարակության մեջ հայ կնոջ դերի բարձրացումը, հայկական ավանդական սովորությունների և ծեսերի նշանավորումը և սերունդներին փոխանցումը: Բանախոսը ներկաներին փոխանցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանի՝ Մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները: |