1

fb you od

ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց վիրահայոց համայնքի ներկայացուցիչնե PDF Տպել Էլ.փոստ

g04s48fe

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարտի 22-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցների շրջանում էին գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հայաստանից ժամանած հյուրեր:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի եռօրյա աշխատանքային այցի մանրամասները, արժևորելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի Իլիա Երկրորդի և այլ կառույցների ղեկավարների հետ տիկին նախարարի հանդիպումները և քննարկումները:


Նախարար Հասմիկ Պողոսյանը խոսելով իր եռօրյա աշխատանքային հանդիպումների մասին, կարևորեց մշակույթի բոլոր ոլորտներում համագործակցության երկուստեք մեծ ցանկությունը: Հիշեցնելով դեռևս հունվար ամսին Երևանում երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների մշակույթների նախարարների միջև ստորագրված համագործակցության եռամյա ծրագրի մասին, տիկին Պողոսյանն ընդգծեց, որ դա վերաբերվելու է համագործակցության բոլոր բնագավառներին, ընդհուպ մինչև հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները:

Տիկին նախարարը խոսեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ օգոստոս ամսին Հաղպատում կայանալիք աշուղական երգի փառատոնի մասին, կարևորելով վրացիների, ինչպես նաև այլ ազգերի մասնակցությունը: Այնուհետև ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք նաև հետագա աշխատանքների կանխագծումներ էին:

Ամփոփելով հանդիպումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության մասին, տեղեկացրեց Հովհաննես Թումանյանի տան վերանորոգման աշխատանքների մասին, հույս հայտնելով, որ օգոստոս ամսին տունը արդեն ձեռնամուխ կլինի իր առաքելության իրականացմանը: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը և հատկապես տիկին Հասմիկ Պողոսյանին՝ «Հայարտան» գործունեությանը օժանդակելու համար:

Որպես «Հայարտուն» կենտրոն իր առաջին այցելության գեղեցիկ հուշ ՀՀ մշակույթի նախարարը կենտրոնին նվիրեց նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարներ» կտավը:

ՀՀ մշակույթի նախարարին իրենց աշխատանքները նվիրեցին թբիլիսահայ նկարիչներ Լևոն Օսիպովը և Թենգիզ Միկոյանցը:

Ի պատիվ մայր հայրենիքից ժամանած հարգարժան հյուրերի, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ուժերով տրվեց փոքր համերգ: