Վրաստանում հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը |
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում կազմակերպված հայ և վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես – վաճառքով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններ Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը արժևորեց այն ուղին, որով ընթանում են երկու բարեկամ երկրները՝ կառուցելով իրենց պետական անկախությունը: Նա բարձր գնահատեց հայ նկարիչների հետ միասին վրացի նկարիչների մասնակցությունը երկու ժողովուրդներին կամրջող միջոցառումներին, որոնցից մեկը այս ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, հանուն Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխանցեց նրա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ: Նա կարևորեց ազատության և անկախության գեղեցկությունը, որ այնպես բարձրարժեք արտահայտվել է ցուցահանդեսին տեղ գտած կտավներում: Հայ ժողովրդի ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսի կազմակերպումը ողջունեցին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Գուրամ Ցերցվաձեն, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Հանդիսությունն ընթանում էր Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Ելենա Շաշիաշվիլիի, Մարիանա Կիրակոզովայի, Մարիամ Չիկվաիձեի և Գվանցա Մաթիաշվիլիի կազմով «Լալե»լարային քառյակի նվագակցությամբ:
|