ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ |
Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի և Ղուկասի տոնի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եղան Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվում են վերանորոգչական աշխատանքներ: Եկեղեցում, հավատացյալների մասնակցությամբ, կատարվեց գոհաբանական աղոթք, ապա հավատացյալներն իրենց աղոթքը բարձրացրեցին եկեղեցու շուտափույթ վերանորոգության ակնկալիքով: Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց նաև շինարար վարպետներին, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքները: Ապա ուխտավորները շարժվեցին դեպի Կարմիր գյուղ, որտեղ 2012թ. կառուցվել և օծվել է Սրբոց Ավետարանչաց մատուռը, և իրենց մասնակցությունը բերեցին Սուրբ պատարագին: Օրվա պատարագիչն էր Մառնեուլիի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Աշուրյանը: Դպրաց բաժնի երգեցողությունը կատարեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը: Սրբազան պատարագի ավարտին Թբիլիսիից ժամանած ուխտավորներին և Կարմիր գյուղի հավատացյալներին իր պատգամը հավուր պատշաճի հղեց Սրբազան Հայրը: Տոնակատարություն Ուխտագնացություն
|