1

fb you od

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում Լևոն Մելիքսեթ-Բեգի հիշատակը նշանավորվեց գիտական կոնֆերանսով PDF Տպել Էլ.փոստ

Melikset-Bek

2013 թ. նոյեմբերի 14-15-ին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս՝ նվիրված պրոֆեսոր, արևելագետ Լևոն Մելիքսեթ-Բեգի հիշատակին: Կոնֆերանսը նախաձեռնել էր համալսարանի Արևելագիտության ինստիտուտը:

Մեծ արևելագետ ու պատմաբան Լևոն Մելիքսեթ-Բեգը իր անժխտելի ներդրումն ունի հայ-վրացական պատմական աղբյուրների ուսումնասիրության տարեգրությունում: Նա հանդիսանում է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրը, դաստիարակել և գիտական ուղեգիր է տվել բազմաթիվ հայագետների, արևելագետների ու պատմաբանների: Լևոն Մելիքսեթ-Բեգի անունով է կոչվում Ջավախիշվիլու անվան համալսարանի հայագիտության դեպարտամենտը: Մեծ գիտնականի մահվան 50-ամյա տարելիցին էր նվիրված գիտական կոնֆերանսը:

Կոնֆերանսի աշխատանքին իրենց ներկայությունն էին բերել Վրաստանի Ձեռագրերի Ազգային կենտրոնի և համալսարանի աշխատակիցները, գիտնականներ, Մելիքսեթ-Բեգի նախկին ուսանողներ, որոնց մեծ մասը ներկայումս հայտնի գիտնականներ են, նրա գործի շարունակողները, դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ: Կոնֆերանսի աշխատանքին ներկա էին Վիրահայոց թեմի ստեղծագործական միությունների ղեկավարները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները: Դահլիճում տեղ էին զբաղեցրել մեծ գիտնականի ընտանիքի անդամները՝ որդին և թոռնուհին:

Կոնֆերանսը ներածական խոսքով բացեց և ներկաներին ողջունեց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, Վրաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ապոլոն Սիլագաձեն: Լևոն Մելիքսեթ-Բեգ գիտնականի, հայագիտության ամբիոնի վարիչի և կովկասյան տարածաշրջանում ստեղծած եզակի հարուստ գրադարանի և ղեկավարի մասին հուշեր պատմեցին Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս պրոֆեսոր Զազա Ալեքսիձեն, համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դարեջան Թվալթվաձեն, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, արևելագետ-թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Պատմաբան, Հայ մտավորականների Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանը կոնֆերանսին մաղթեց արգասաբեր աշխատանք և հայագիտության ամբիոնին նվիրեց Սամվել Մարգարյանի «Միջնադարյան Իրանի պատմություն» ձեռնարկի երկու օրինակ:

Ի թիվս կոնֆերանսին ներկայացրած տարբեր զեկուցումների, ընդգրկված էր նաև   Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի դոկտորանտ, Վիրահայոց թեմի աշխատակցուհի Դիանա Տեր-Բաղդասարովան, ով մանրակրկիտ ուսումնասիրել էր և ներկաների ուշադրությանը ներկայացրեց «Ձեռագրերի Ազգային Կենտրոնի H ֆոնդում պահպանված 404 ձեռագրի կոդիկոլոգիական և տեքստաբանական ուսումնասիրությունը»:

Լևոն Մելիքսեթ-Բեգի գիտական գործունեությունը բարձր գնահատելու և նրա հիշատակը մեծարելու կապակցությամբ երախտագիտության խոսքով ելույթ ունեցավ գիտնականի թոռնուհին՝ Մանանա Մելիքսեթ-Բեգը:

Մելիքսեթ-Բեգի գիտական գործունեության լուսաբանմանը նվիրված զեկուցումները նաև արևելագիտության տարբեր թեմաներով գիտական կոնֆերանսին ներկայացված բոլոր նյութերը տպագրվելու են ժողովածուի տեսքով:

 

IMG 4944

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)