1

fb you od

Վերաօծվեց Ալաթումանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

alatuman

Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արակովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, օծվեց Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղի «Սուրբ Երրորդություն» անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը: Եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվեց Սբ . և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը Ջավախքի և, մասնավորպես, Ալաթումանի ժողովրդին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Սրբազան Հայրն իր խոսքում, կարևորեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն և այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հայաբնակ այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը և այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»: Ներկաներին իր ողջյունն էր հղել   Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքը: «Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել են այս երանելի օրվան: Երազել են տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, լսել զանգերի ղողանջը, մոմ վառել և աղոթք անել առ Աստված: Եվ ահա բարերարի շնորհիվ նրանց երազանքը դարձավ իրականություն»,- իր խոսքում նշեց Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը և բարերարին փոխանցեց օրհնության գիր և Աստվածաշունչ մատյան:

Սուրբ Երրորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու շենքը վնասվել է 1899-թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Այն վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ի հիշատակ բարերարի հոր՝ եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքար:

Եկեղեցու վերաօծման սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարածաշրջանի փոխնահանգապետ Հարություն Հովհաննիսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Սուրբ Երրորդություն Եկեղեցու վերաօծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

DSC03713 DSC03733 DSC03824 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)