Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախի անվան նորաբաց մշակութային կենտրոնի սրահը դեկտեմբերի 12-ին մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել շրջանի մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, մանկավարժներ, լրագրողներ, գրադարանավարներ: Նրանք եկել էին հանդիսավորությամբ նշելու վիրահայ անվանի արձակագիր և հասարակական գործիչ Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
Տեղի Սուրբ Սարգիս եկեղեցուհոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի օրհնության խոսքից հետո ներկաները համակ ուշադրությամբ լսում են ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժ. Սնխչյանի մեծարանքի և գնահատանքի խոսքը` անվանի գրողի հասցեին, որի բեղուն գրչի արդյունքը եղան ոչ միայն նրա 40-ից ավելի հայերեն, վրացերեն և այլ լեզուներով տպագրված հիանալի գրքերը, այլև նրա բուռն հասարակական գործունեությունը` որպես ՎԳՄ հայկական սեկցիայի նախագահի, նաև` այդ բաժանմունքի տարեգրքի խմբագրի, «Սայաթնովյան վարդատոնի», «Գարունը գարնան մեջ» փառատոնի կազմակերպչի և վարողի, ականավոր լրագրողի անցած ուղին: Հանդիսավար-զեկուցողը պատմեց Բենիկ Սեյրանյանի կյանքի, որպես իսկական թբիլիսահայի, ընկերական շրջապատում ունեցած հմայքի, նրա հրաշալի ընտանիքի մասին: -Եվ «Վերնատուն» տարեգիրքը, և «Կամուրջը», իրավահաջորդներն են մեր ժամանակակից դասականի անդուլ ոգեղենության: Այդ նրա ուղիով է, որ այսօր ընթանում են Վրաստանի անխտիր բոլոր հայ գրողները,-եզրափակեց Ժորա Սնխչյանը: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան նրանք, որոնք անձամբ շփվել էին մեծ գրողի հետ, նաև նրանք` ովքեր գրողին գիտեին կամ նրա հեղինակած գրքերից, կամ «Վրաստան» թերթի էջերից: Միջոցառման ավարտին, որպես գրողի և գործչի հավերժության առհավատչյա, տեղի ունեցավ գրքերի նվիրատվություն` հանրային գրադարաններին: Ընթերցողին ընծայվեցին վերջերս վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի միջնորդությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության միջոցներով լույս տեսած Հովհաննես Մարիկյանի և Սերգեյ Առաքելյանի գրքերի օրինակներ: Իր վերջին տարիներին տպագրած գրքերը գրադարանային համակարգին նվիրեց նաև «Վերնատուն» միության Ջավախքի բաժանմունքի նախագահ Ալբերտ Իսոյանը: Միջոցառումը զարդարեցին Բ. Սեյրանյանի, Ա. Իսոյանի, Ս. Առաքելյանի և Հ. Մարիկյանի գրքերից ընթերցված հատվածներն ու բանաստեղծությունները: Հոբելյանական ցերեկույթի կազմակերպմանը իրենց աջակցությունն էին բերել Նինոծմինդայի գրադարանային համակարգի (տնօրեն` Ցողիկ Խաչատրյան) և սովորող երիտասարդության արվեստի «Արևիկ» կենտրոնի (տնօրեն` Աստղիկ Դարբինյան)աշխատակիցները: Հանդիսույթի ջերմ մթնոլորտը խոսուն ապացույցն ու լուսապսակն էր դեպի հավերժություն գնացող մեր մեծ մտավորականի` Բենիկ Սեյրանյանի հիշատակին:
Սաթիկ ՄԿՐՏՉՅԱՆ
|