1

fb you od

Վիրահայոց թեմում նշվեց Ջիմ Թորոսյանի մահվան 40 օրը PDF Տպել Էլ.փոստ

JIm

Փետրվարի 16-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգայի ճարտարապետության ասպարեզում իր մնայուն տեղը զբաղեցրած երջանկահիշատակ Ջիմ Թորոսյանի մահվան 40 օրը: Այդ օրը Վրաստանի ճարտարապետների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Վրաստանի հայ մտավորականների միությունը կազմակերպեց հիշատակի երեկո:

Միջոցառումն սկսվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ ճարտարապետ-գիտնականի հիշատակին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգենագստյան արարողություն:

Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հիշատակի երեկո, որին ներկա էին Թբիլիսիի նախկին գլխավոր ճարտարապետ, ԽՍՀՄ և Վրաստանի պետական մրցանակների դափնեկիր Գիգա Բաթիաշվիլին, Վրաստանի վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Թամազ Թևզաձեն, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսթավելու և Պետական մրցանակների դափնեկիր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վախթանգ Դավիթաիան, Վրացական տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Գոչա Միքիաշվիլին, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նախկին դեսպան Թամազ Գաչեչիլաձեն,Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Լևոն Թորգոմյանը, հայ և վրացի մտավորականության ներկայացուցիչներ, գործարարներ, հայ-վրացական բարեկամությունը արժեվորողներ:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը: Նա ներկայացրեց ընդամենը 40 օր առաջ կյանքից հեռացած, բայց իր ճարտարապետական անսահման կարողությամբ տարբեր քաղաքներում անջնջելի հետք թողած, թերևս բոլորից շատ իր երկրի մայրաքաղաքին և հոգևոր կենտրոնին կառուցողական հմայք տված մեծ գիտնականի կյանքի ուղին: Բոլոր բանախոսները սլայդների միջոցով ցուցադրեցին գիտնականի կատարած ներամուծությունները, հոյակերտ շինությունները՝ կասկադ, Երևանի քաղաքապետարանի շենք, Նոդար Դումբաձեի հիշատակին արված հուշաղբյուր-խաչքարը և այլն, մեկնաբանեցին նրա նախագծերով ստեղծված այն հրաշքները, որոնք դարձան ճարտարապետ Թամանյանի կողմից Երևանի հատակագծի իսկական զարգացումը: Վրացի գործընկերները առանձնահատուկ սիրով կիսեցին իրենց հուշերը մեծ գիտնականի մասին, հիացմունքով պատմեցին այն կառույցների մասին, որոնց խոյացման ժամանակակիցներն են իրենք: Վրացի գործընկերները Ջիմ Թորոսյանի մեծավարպետությունը գնահատում էին անթաքույց ակնածանքով և կորստյան ցավով:

Միջոցառումը համեմված էր Կարեն Միրզոյանի, Եսայի Աբովյանի և Իվանե Մկրտչյանի հոգեհմա կատարումներով: Այն դարձավ հայ-վրացական բարեկամության ևս մեկ արտահայտություն, այս անգամ Ջիմ Թորոսյանի հիշատակին նվիրված երեկոյի տեսքով:
 

IMGP1617 IMGP1608 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)