Ավետման օրվա անակնկալը Ջավախքում |
Ապրիլի 7-ին, Ավետման տոնին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի անմիջական նախաձեռնությամբ և օրհնությամբ, Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց տոնական Սբ և Անմահ պատարագ: Տոնական օրվա պատարագիչը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր: Ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը գեղեցիկ անակնկալ մատուցեց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ծննդատան աշխատող կանանց և օրվա մայրերին: Տեր Տաթև քահանա Մարուքյանն անձամբ շնորհավորեց ծննդկաններին և բժիշկներին, նվիրելով մեկական վարդ և «Մանկական Աստվածաշունչ» մատյաններ: Տեր Հայրը բարձր գնահատեց ծննդատան աշխատակիցների կատարած գործը, նշելով՝ «այստեղից է սկսվում կյանքը և Դուք այն նվիրյալներն եք, ովքեր արժանապատվորեն իրականացնում են իրենց գործը»: Հայ Առաքելական Եկեղեցու այս անակնկալ փոքրիկ ուշադրությունը ուրախությամբ ու երջանկությամբ լցրեց ներկաների սրտերը: Տոնական օրվա ավարտին արդեն Ջավախքի Առաջնորդարանի դահլիճում կիրակնօրյա դպրոցի սաներն էին գորվերգում հայոց մայրերին: Կիրակնօրյա դպրոցի տնօրեն՝ Զարհուհի Բարբառյանի շուրջ 80 սաներ գեղարվեստական երեկո էին կազմակերպել իրենց մայրերի համար: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
|