Վիրահայոց թեմում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը |
Տոնը առանձնակի նշվեց Թբիլիսիում: Ապրիլի 19-ին, Ավագ շաբաթ օրը, առավոտյան Սուրբ Էջմիածին եկեղեցում զատկական տոնի առիթով Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ նվերներ բաժանվեցին սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների, ապա տոնական շունչը տեղափոխվեց «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան դահլիճ: Այստեղ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները իրենց ուսուցիչների գլխավորությամբ կազմակերպել էին զատկական գեղեցիկ հանդես, որը շաղախված էր ազգային երգ ու պարով: Իսկ երեկոյան, Ճրագալույցից առաջ, մայրաքաղաքի թիվ 103 դպրոցի հայկական բաժնի աշակերտները եկեղեցու ներսում հանդես եկան գրական-երաժշտակա Այնուհետև սկսվեց Ճրագալույցի պատարագը: Պատարագիչ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր: Ապրիլի 20-ին, կիրակի օրը հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ: Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով և փոխանցեց Վեհափառ Հայրապետի շնորհավորանքը Վրաստանաբնակ հայությանը զատկական տոնի առիթով: Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը շնորհավորեց Վրաստանում ապրող քրիստոնյա բոլոր ազգերին Սուրբ Զատկի տոնի առիթով: Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:
|