1

fb you od

Ղազարոս Աղայանի ծննդավայրում մեծարվեց գրող-մանկավարժի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ

aghayan

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության (նախագահ՝ Գևորգ Սնխչյան) նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, մայիսի 3-ին Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղում նշվեց ավանդական աղայանական տոնը: Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայր էին ժամանել պատվիրակություններ Թբիլիսիից, Ջավախքից, Երևանից, Աղայանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, գրականության նվիրյալներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Տոնական միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Բոլնիսի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդրա Օբոլաձեն, Բոլնիսի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ջոնի Խեցուրիանին, Ղազարոս Աղայանի ազգակիցներ Ռուբեն Աղայանը և Արմեն Շահդադյանը:

Բակում տեղադրված գրողի արձանը զարդարվեց ծաղիկներով: Այցելուների կողմից անվանի մանկավարժի արդեն 50-տարի գործող տուն-թանգարանը և գրադարանը դիտելուց հետո, տոնական միջոցառումը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, աղայանական օրվա նախաձեռնող և անընդմեջ իրականացնող Գևորգ Սնխչյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան և Աղայան մեծ մանկավարժի, գրողի, հասարակական գործչի և հրապարակախոսի գործունեության մեծարման, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հարատևության խոսք ասացին ելույթ ունեցող տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հյուրերը:

Միջոցառման վարողը Աղայանի տուն-թանգարանի գրադարանին և տեղի հանրային դպրոցին փոխանցեց նոր հրատարակված գրքերի օրինակներ:

Գյուղի բնակչությանը շնորհավորելով աղայանական ավանդական տոնակատարության կապակցությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը վարեց միջոցառման գեղարվեստական մասը, որին իրենց գեղեցիկ ասմունքով մասնակցեցին տեղի դպրոցի սաները, ինչպես նաև Թբիլիսիից ժամանած երգիչ-կատարողները, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի գլխավորությամբ:

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին, Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: Սովորել է Թբիլիսիում, Ներսիսյան դպրոցում: 1867 թվականից նվիրվել է մանկավարժական և գրական գործունեությանը: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, մանկական հեքիաթներ, թարգմանել է Պուշկինի և Կռիլովի ստեղծագործությունները: Պայքարել է կրթության ժողովրդավարության համար, պաշտպանել է դաստիարակության ժողովրդականացման սկզբունքը: Թողել է հարուստ գրական ժառանգություն, հեղինակն է դասագրքերի և մանկավարժական հոդվածների:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)