Մայիսի 11-ին, Ջավախքի ծնողազուրկ թվով 61 երեխաներ, հավաքվել էին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» Եկեղեցու կամարների ներքո: Սուրբ պատարագի ավարտին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աշխատակիցների կողմից նրանց բաժանվեց ՀՕՖ-ի հերթական ֆինանսական աջակցությունը:
Տասը տարուց ավելի է, ինչ բարեխնամ այս կազմակերպությունը օգնության ձեռք է մեկնում Ջավախքում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին: Մայիսյան այս օրը հերթական սպասումնալից ու ուրախ օր էր այս երեխաների համար: Երեխաներն իրենց աղոթքներում հիշեցին բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք,ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում, չեն զլանում իրենց վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած Ջավախքի երեխաներին: Սամցխե-Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդվարդ Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս բարի, ազգանվեր ու եկեղեցանվեր գործի կայացման ու իրականացման համար: Նշենք, որ ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին՝ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և աջակցությամբ՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ: Հայ Օգնության Ֆոնդի CASP (ծնողազուրկ երեխաների խնամակատար հանձնախումբ) ծրագիրն ուղղված է ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: Այն գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախք լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքով և տարածվեց տարածաշրջանի գյուղերում: Ընդգրկված են 76 երեխաներ,որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:
|