Կրոնական խորհրդի անդամների հանդիպում կայացավ Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում |
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում հանդիպում կայացավ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհրդի անդամների միջև: Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու եպիսկոպոս, Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Քննարկվեցին կրոնական համայնքներին հուզող խնդիրները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի համար ընդունած բանաձևերին, ինչպես նաև Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության հետ աշխատանքներին: Հանդիպմանը Վիրահայոց Թեմի կողմից քույր եկեղեցիներին առաջարկ արվեց համատեղ կազմակերպել հոգևոր երաժշտության երեկոներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջարկը կրոնական խորհրդի անդամների կողմից ընդունվեց պատրաստակամությա Կրոնական համայնքների առաջնորդները որոշեցին շարունակել համատեղ գործունեությունը միասնական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը: Հանդիպմանը ներկա էին Լևոն Իսախանյանը, Միլենա Օգանեզովան և կրոնական խորհրդի անդամներին ուղեկցող Նինա Այվազովան և Ալբինա Զոտովան: |