1

fb you od

ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Թբիլիսիի Հայոց Եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

Hovik Abrahamyan 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, պատվիրակության անդամների հետ միասին այցելեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:

Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը հոգևոր դասի հետ: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծերի շիրիմներին: Կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար:

ՀՀ վարչապետի և կառավարության անդամների շքախումբն ուղղվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի մուտքի մոտ բարձրասստիճան հյուրերին աղուհացով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի դրոշների ծածանումների ներքո դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ:

Մայր հայրենիքից ժամանած հյուրերին Թեմի առաջնորդը ներկայացրեց Հայոց հինավուրց եկեղեցու պատմությունը: Եկեղեցում մոմեր վառելուց և աղոթք բարձրացնելուց հետո, հյուրերը իրենց խոնարհումը բերեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին և ծաղիկներ դրեցին պատվանդանին: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին նաև եկեղեցու բակում ամփոփված հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի շիրիմին:

Վարչապետ Աբրահամյանն իր շքախմբով շրջայց կատարեց «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Այստեղ հյուրերին դիմավորեցին ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Սամցխե-Ջավախքի և հայաբնակ մյուս տարածաշրջաններից ժամանած հայազգի պետական պաշտոնյաները, մշակութային, հասարակական գործիչներ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ: Հյուրերը դիտեցին կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը: Տպավորվելով մանուկների գեղեցիկ ելույթներից և մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը նպատակամղված նախակրթարանի գործունեությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նվիրատվություն կատարեց նախակրթարանին:

Հյուրերը ունկնդրեցին դուդուկի և դհոլի դասարանների սաների կատարումները: Վազգեն Սրբազանը հյուրերին հրավիրեց Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ կազմակերպված էր Թբիլիսիի Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան ուղեկցող կառավարության անդամներին ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդն արժևորեց մայր հայրենիքի ուշադրությունը վիրահայոց համայնքի նկատմամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարություններին համագործակցության համար: Սրբազան Հայրը առանձնապես կարևորեց և երախտագիտությամբ նշեց Սփյուռքի նախարարության ցուցաբերած աջակցությունը Վիրահայոց համայնքի գործունեությանը: Թեմակալ առաջնորդը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ կառավարությանը Բաթումիում կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի ստեղծման գործին օժանդակություն ցուցաբերելու համար:

Հյուրերին ողջունեց և ջավախահայությանը հուզող հարցերի շուրջը խոսեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը ողջունելով ներկաներին, կարևորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը և վարչապետի հրամանագրով ոսկե հուշամեդալներ հանձնեց վիրահայոց համայնքի արժանավոր գործիչներ թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին, Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանին, Վրաստանի կրթության նախարարության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանին, ինչպես նաև Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ փոխանցեց բանաստեղծ, թարգմանիչ,Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանին և «Կոմիտաս» մեդալը՝ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի ղեկավար Մարիա Աբուլյանին: ՀՀ վարչապետը «Հայարտուն» կենտրոնին նվիրեց Սայաթ-Նովայի պատկերով Ռուբեն Արուտչյանի կտավը և «Սայաթ-Նովա» գիրքը և համայնքի ներկայացուցիչներին շնորհավորեց գալիք Նոր տարվա կապակցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդը որպես գեղեցիկ հուշ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նվիրեց Թենգիզ Միկոյանցի հին թիֆլիսյան պատկերով գեղանկարը:

Վերջում կայացավ հյուրասիրություն, որի ընթացքում Վիրահայ համայնքի ներկայացուցիչները մայր հայրենիքի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները և հետաքրքրող հարցերը: Հանդիպումն անցավ ջերմ մթհոլորտում:

 

DSC01277 DSC01278 IMGP0043 

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)