Հոգեհանգստյան արարողություններ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի |
2015 թվականի մայիսի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հոգու խաղաղության համար: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ Գարի Մուրադյանը, դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը և զինվորական դաստիարակության նախկին ուսուցիչ Կազբեգ Խաչատրյանը: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը օրվա խորհրդի մասին իր խոսքում հիշատակեց Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին խորհրդային հայրենիքի պաշտպանության համար, հայրենիք, որի մի մասն էր նաև Խորհրդային Հայաստանը: Սրբազան Հայրը աղոթք բարձրացրեց ազգային-ազատագրական պայքարի և Արցախյան հերոսամարտի զոհված քաջամարտիկների հիշատակին, ում հեղված արյամբ ազատագրվեց Արցախը ու զորացավ Հայոց երկիրը: Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո, տեղի քաղաքապետարանի օժանդակությամբ, հոգևոր հայրը հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին այցելեց և նվերներ բաժանեց պատերազմի վետերաններին: Այնուհետև ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ներկայությամբ կայացավ հանդիպում հայազգի պատերազմի վետերանների հետ: Երկրապահի օրը Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում կատարվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ:
|