1

fb you od

Հայ բարերարներ Թամամշևների հիշատակի երեկո «Կովկասյան տանը» PDF Տպել Էլ.փոստ

tamamshhev 

Թբիլիսիի «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի հերթական միջոցառումը նվիրված էր 19-րդ դարի երկրորդ կեսից իրենց գործունեությամբ հայտնի բարերարներ Թամամշևների տոհմին: Միջոցառումը նախաձեռնել էր կենտրոնի անդամ Վիկտորյա Մաքսոևան և իրականացրել «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի աջակցությամբ: Թամամշևների արժանավոր տոհմացեղի հիշատակի երեկոն ընթանում էր մի դահլիճում, որտեղ Թբիլիսիին նվիրած իր կտավներն էր ներկայացրել ճանաչված նկարիչ Թենգիզ Միքոյանցը: Իսկ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի կենտրոնի տիրուհի Ժաննա Դավթյանը ստեղծել էր պահպանված իրերով 19-րդ դարին համահունչ ինստալյացիա: Երեկոյին ներկա էր Թամամշևների տոհմից Ալեքսանդրի թոռնուհին՝ Նատալյա Թամամշևան:

Միջոցառման վարող Վիկտորյա Մաքսոևան ներկայացրեց թբիլիսահայ բարերարներ Գաբրիել, Եգոր և Ալեքսանդր Թամամշևների Թիֆլիսում,ինչպես նաև Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ծավալած գործունեությունը, վերհանելով Թիֆլիսում առաջին օպերային թատրոնի հիմնումը և քարվանսարայի ստեղծումը, այս ընտանիքի երեք եղբայրների առանձնահատուկ ակտիվությունը բարեգործական ակցիաներին, շռայլ նվիրատվությունները թատերական արվեստի զարգացման, կրթության գործի կազմակերպման, կրթաթոշակների սահմանման գործում:

Հայտնի մեկենանսների գործունեության ժամանակաշրջանին միանգամայն ներդաշնակ էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վաստակավոր դերասան Ռոբերտ Հովհաննիսյանի «Պեպոյից» ներկայացրած դրվագը, կինտոների պարը «Ջեյրան» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյան)կատարմամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի (ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե և Իվանե Մկրտչյան) խմբակների ելույթը, դաշնակահարուհի Ելենա Նիկոլեիշվիլու, ջութակահարներ Դավիթ Հակոբյանի և Միլենա Ջալալբեկովայի ելույթները:

Շնորհակալություն հայտնելով Թամամշևների հիշատակը այսպիսի գեղեցիկ միջոցառմամբ մեծարելու համար, բանասեր, ճանաչված ուսուցչուհի Նատալյա Թամամշևան հուշեր պատմեց իր պապի և մեծ պապի մասին, որ իրեն էին հասել հորից:

Ամփոփելով միջոցառումը և երախտագիտության խոսքեր ուղղելով աջակցության և մասնակցության համար, միջոցառման նախաձեռնողը ընթերցեց «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի դիմումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը՝ կենտրոնի թանգարանին պետական թանգարանի կարգավիճակ և Թամամշևներ-Սմիռնովների անունը շնորհելու մասին: Ներկա հասարակությունը ոգևորությամբ ընդունեց դիմումի տեքստը և պատրաստակամորեն ստորագրեց այն:  

IMGP0209 IMGP0245 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)