1

fb you od

«100 տարի անց. Ցեղասպանությունն իմ աչքերով»- երեկո «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC029801 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին էր նվիրված երեկոն, որը տեղի ունեցավ 2015 թվականի մայիսի 15-ին, Վիրահայոց թեմի Հայարտուն» կենտրոնում:

«Հարյուր տարի անց... Ցեղասպանությունն իմ աչքերով» խորագրով միջոցառումը նախաձեռնել էր թեմի երիտասարդական բաժինը և այն իրականացավ կենտրոնի աջակցությամբ:

Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվել էին երեկոյի նպատակին ներդաշնակված հեղինակային աշխատանքներ. նկարներ, լուսանկարներ, ձեռքի աշխատանքներ, կոմպոզիցիաներ՝ համահունչ ցեղասպանությունից փրկվածների դառն հուշերին և հայ ժողովրդի վերածննդի գաղափարին:

Նահատակների հիշատակին վառվող մոմերի խավարում հայ դպրոցականներից և ուսանողներից յուրաքանչյուրը բարձրաձայնեց իր ընտանիքի ողբերգական պատմությունը, նկարագրելով երեխաների, քույրերի ու եղբայրների սպանության ու կորստի սարսռեցնող պատկերները և մազապուրծ փրկվածների ճակատագիրը, արժևորելով հայի գենն ու արյունը, որ փոխանցվել է նրանց սերունդներին: Լիզա Թորոսյանի, Սերգեյ Չարուխչյանի, Վիկտորյա Վիրաբյանի, Միլենա Ղարիբյանի, Դավիթ Հարությունյանի և մյուսների շարադրած պատմությունները նաև բողոքի, ցասումի և պահանջի արտահայտություններ էին, նաև երախտագիտություն փրկվածներին ապաստանած և Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին ու միջազգային կազմակերպություններին:

Հավարտ միջոցառման «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը շնորհակալության խոսքեր ուղղեց Թեմի Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանին և ուսանողների հետ աշխատանքների համակարգող Նինա Սերոպովային, ում նախաձեռնությամբ մեկ գաղափարի շուրջ համախմբվեցին հայ երիտասարդները և յուրահատուկ մտահղացմամբ ներկայացրեցին իրենց ընտանիքի գլխով անցածը, որը նաև աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ընտանիքի պատմությունն է: Իսկ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանն իր հիացմունքն արտահայտեց հայ երիտասարդի ազգասիրության և հայ լինելու հպարտության համար: Պատմական հայրենիք վերադառնալու, ապրելով նահատակների հիշատակը ապրեցնելու և անպայման արդարության հասնելու համոզմունքն էր բոլոր պատմությունների գաղափարական հենքը, - այս էր Սուսաննա Խաչատրյանի տպավորությունը միջոցառումից:

Իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր ուղղեց միջոցառման բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց ձեռքի աշխատանքով, հեղինակային պատմություններով ու հարատևության պատգամով ոգեկոչեցին Ցեղասպանության նահատակների հիշատակը: Սրբազան Հայրը արժևորեց երիտասարդների հետաքրքրությունը՝ իրենց նախնիների կյանքի պատմությամբ, պատրաստակամությունը՝ ապահովելու հայրենիքից դուրս գտնվող հայերի անվտանգությունը և հպարտությունը՝ ազգի վերածննդի, մայր հայրենիքի, Արցախի, Սուրբ Էջմիածնի և Հայոց Սփյուռքի համար:

Հուզումնալից երեկոյից դեպի վերածնունդ հնչեց Արմեն Հովհաննիսյանի «Կինտո» բանաստեղծությունը հեղինակի ընթերցմամբ: 

IMGP0355 IMGP0364 IMGP0371 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)