Սրբոց թարգմանչաց տոնը Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում |
2015 թվականի հունիսի 25-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ,որին ներկա էին մտավորականներ, թարգմանչական գործունեությամբ զբաղվողներ, հայ հավատացյալներ: Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչը՝ Ախալցիխե քաղաքի և շրջանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համայնքների հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը հավուր պատշաճի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Նա Սուրբ Թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը համեմատեց այն անպարտելի բանակի հետ, որի 36 զինվորները արդեն 1600 տարի պահում ու պահպանում են հայոց գիրն ու գրականությունը, հայոց միտքն ու հավատքը: Հավարտ Սուրբ Պատարագի, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչները, Վազգեն Սրբազանի առաջնորդությամբ ուղևորվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծերի շիրիմների մոտ ներկաները աղոթք արեցին ու բերեցին իրենց խոնարհումը հայ երևելիների հիշատակին, ստանալով Թեմակալ առաջնորդի օրհնությունը: Սրբազան Հայրը արժևորեց այն, որ Հայոց եկեղեցին Թարգմանչած տոնը տարվա ընթացքում նշում է երկու անգամ և հորդորեց ներկաներին միշտ վառ պահել հայոց գրերի ստեղծման ջատագովների՝ Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մեծ ավանդը հայ դպրության ու եկեղեցական մատենագրության մեջ: |