Օծվեցին եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերը և զանգը |
2015 թվականի սեպտեմբերի 12-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի «Սուրբ խաչ» եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերի և զանգի օծման կարգը: Սրբազան արարողությանը մասնակցում էին Մառնեուլի շրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Սրբազան Հայրը հոգևոր հայրերի հետ միասին նախ ջրով և գինով սրբագործեց նվիրական խաչերը և զանգը, ապա սրբալույս մյուռոնով կատարեց օծման կարգը: Արարողությունից անմիջապես հետո խաչերը տեղադրվեցին տաճարի և զանգակատան գմբեթին և ապա կախվեց զանգը, որի առաջին ղողանջը հնչեցնելու պատիվը տրվեց «Սուրբ խաչ» եկեղեցու վերականգնող բարերար տյար և տիկին Արթուր և Աիդա Իսոյաններին: Անչափ մեծ էր համայնքի ժողովրդի ուրախությունը, որը հավաքվել էր եկեղեցու բակում: Այստեղ էին գտնվում նաև Նինոծմինդայի շրջանի մշակույթի բաժնի վարիչ և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Սանոսյանը և ուրիշներ: Եկեղեցու խաչերի և զանգակատան օծման արարողություններից հետո կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված մարմարե խաչքարի օծման արարողություն: Եկեղեցական արարողությունների ավարտին բարերար Իսոյան ընտանիքի կողմից համայնքի անդամներին և հյուրերին մատուցվեց ավանդական մատաղ: Ավարտին են մոտենում «Սուրբ խաչ» եկեղեցու վերականգնման և բակի բարեկարգման աշխատանքները և հոկտեմբերի 13-ին տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողություն: |