Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի Ողջույնի Խոսքը Վրաստանի Կրոնի Հարցերով Պետական Գործակալության 2016-2017թթ. Գործունեության Հաշվետու Ժողովի Ժամանակ |
Հոդվածներ |
Մեծարգո պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ, քույրեր, եղբայրներ, Ողջունում և դրական ենք գնահատում Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2016-2017թթ. գործունեությունը և համարում, որ 2014թ. Վրաստանի կառավարության կողմից այս գործակալության հիմնումը ճիշտ որոշում էր: Գնահատելի են գործակալության անցնող 4 տարիների աշխատանքները, հուսադրիչ գործակալության ղեկավար պարոն Զազա Վաշաղմաձեի գլխավորությամբ ձևավորված աշխատակազմի գործունեությունը, որն ուղղված է տարիներով կուտակված հարցերի լուծմանը: Սակայն ցանկալի կլիներ, որ գործակալությանը տրվեին ավելի լայն իրավունքներ և հնարավորություններ, որպեսզի բազմազգ և բազմակրոն Վրաստանում ձևավորվի համապատասխան քաղաքականություն կրոնական համայնքների զարգացման և խաղաղ համակեցության համար: Այս առումով կարևոր է կրոնական համայնքների նկատմամբ հավասար և արդարացի մոտեցումը, որպեսզի կրոնական համայնքները ոչ թե վիճեն իրենց պատմական ժառանգության հետ կապված հարցերով, այլ միասնական ուժերով լծվեն հարազատ երկրում հոգևոր-բարոյական մթնոլորտի առողջացման, մեր քաղաքացիների բարոյական նկարագրի կատարելագործման սուրբ գործին: Անտարակույս, Գործակալության ծրագրերը կյանքի կարող են կոչվել Վրաստանում գործող օրենքի սահմաններում, ուստի կառաջարկեինք Վրաստանի Խորհրդարանին ընդունել կրոնի մասին օրենք, որը նկատի կունենա կրոնական կազմակերպությունների նկատմամբ հավասար մոտեցումը, կրոնական կազմակերպություններին կտա հարկային հավասար արտոնություններ և պարտավորություններ: Որպեսզի վրաց օրհնյալ և բազմաչարչար հողում մարդկանց մեջ ագրեսիայի, հանցագործության, միմյանց նկատմամբ թշնամանքի փոխարեն թևածի հանդուրժողականությունը, ներողամտությունը, սերն ու բարությունը: Այլապես այսքան կրոնական սրբավայրերի, հոգևոր սպասավորների առկայության պայմաններում էլ հասարակության մեջ անհնար կլինի արմատախիլ անել անհադուրժողականությունն ու ագրեսիան: Ավելին, երկրում շատանում են խաղատները, գիշերային ակումբները, շատ անգամ հեռուստաընկերությունները տարածում են հաղորդումներ, ցուցադրում ֆիլմեր, որոնք չեն համապատասխանում մեր երկրի ավանդություններին և մշակույթին: Կրոնի հարցերով պետական գործակալությունը պետք է նախաձեռնի նաև կրոնական համայնքների առաջնորդների, հոգևոր սպասավորների և հավատացյալների հետ միասին նշված բացասական դրսևորումների դեմ պայքարելու աշխատանքներ ևս: Վրաց ժողովուրդն ու հասարակությունը պատմության ընթացքում եղել են մարդասեր, արդարադատ, ազատատենչ, և մենք հավատում ենք, որ այսօր էլ Վրաստանում շարունակում է ապրել նույն ոգին, որը հնարավորություն կտա կրոնական և ազգային համայնքներին՝ Վրաստանի լիարժեք քաղաքացիներ զգալու, հարազատ երկրի նկատմամբ ամբողջական պարտավորություններ ստանձնելու համար: Թող Աստված օրհնի Վրաստան աշխարհը, Վրաստանում ապրող ժողովուրդներին, կրոնական համայնքներին և խաղաղություն պարգևի բոլորին: |