1

fb you od

Թանդոյանց եկեղեցու հարցով կլոր սեղանին Վիրահայոց թեմի առաջնորդի ելույթի տեքստը PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

DSC03994Հարգելի Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, հասարակական ոլորտի գործիչներ, հոգևոր եղբայրներ, թանկագին քույրեր և եղբայրներ,
Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից ողջունում ենք բոլորիդ և աղոթում ամենքիդ արևշատության, խաղաղության և հոգու փրկության համար։
Սիրելիներ, այս շաբաթ մեր եկեղեցին մտել է համաքրիստոնեկան  մեծագույն խորհրդի՝ Ավագ Շաբաթվա շրջան։ Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքի, փորձության ու խաչելիության և ապա հարության ավետիսը մեզ ևս լավատեսության, արդարության և ճշմարտության հաղթանակի հույս է ներշնչում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Վրաստանում գործում է դեռևս 5-րդ դարից: Պատմականորեն Վիրահայոց թեմը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնագույն ու կարևորագույն թեմերից մեկն է, որը զգալի դեր է կատարել հայ ժողովրդի պատմության մեջ ու Հայ Եկեղեցու կյանքում: Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի տարածքը։ Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վիրահայոց Թեմը համախմբում և գլխավորում է Վրաստանի տարածքում գործող հայոց եկեղեցիները, առաջնորդում հայ քրիստոնյա համայնքը: Վիրահայոց թեմի պատմությունը վկայում է հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության, Վրաստանի այլ ազգերի և կրոնների ու դավանանքների ներկայացուցիչների հետ համերաշխ համակեցության մասին: Նշենք, որ 1914 թվականի տվյալներով Վրաստանում գործում էր 400-ից ավել հայկական եկեղեցի, որոնցից 27-ը մայրաքաղաք Թբիլիսիում էին: Եկեղեցիներին կից գործել են տասնյակ հայկական դպրոցներ, մշակութային ու բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ և հանրային նշանակության կառույցներ:
Վրաստանի անկախության ձեռքբերման օրերից ի վեր Վիրահայոց թեմը, Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները, մասնավորապես թբիլիսցիները, ակնկալում ենք Վիրահայոց թեմին վերադարձած տեսնել սովետական տարիներին բոլշևիկների կողմից առգրավված հայոց հնամենի տաճարները:
Սակայն անցնող 27 տարիների ընթացքում, ինչպես սովետական տարիներին, չհանդիսանալով հանդերձ Վիրահայոց թեմի իրավաբանական սեփականություն, Թբիլիսիում շարունակում են գործել ընդամենը երկու՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայոց եկեղեցիները: Իսկ ամբողջ Վրաստանի տարածքում՝ ընդամենը 58 եկեղեցիներ:
Նախասովետական Թբիլիսիի 27 հայկական եկեղեցիներից 12-ը քանդվեց սովետական տարիներին, 6-ը վրացականացվեց Վրաց Պատրիարքարանի կողմից, 7-ի ճակատագիրը մնում է անորոշ: Վերջիններիս թվում են Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին (1356թ.), որը փլուզվեց 2009 թվականին, Սուրբ Նշան (Նիկողայոս) եկեղեցին (1624թ.), որն այրվեց ու փլվեց 2002 և 2012 թվականներին, Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցին (1790թ.) որը 2009 թվականին սեփականաշնորհվեց ֆիզիկական անձի կողմից, Հարանց վանքը (զանգակատունը, (931 թ.,)) Կրծանիսիի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-15դդ.): Այսօր ոչնչացման վտանգի տակ են Շամխորեցոնց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան (1735թ.)) և Սուրբ Նշան եկեղեցիները:
Մեզ համար առանձնապես վրդովեցուցիչ է 2017 թվականին Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցին (1850-1860թթ․) Վրաց Պատրիարքարանի հաշվեկշռին ապօրինի փոխանցելու փաստը:
Մենք դրական ենք գնահատում Թբիլիսիի հայկական ժառանգությունը պահպանելուն միտված Վրաստանի Կառավարության որոշ քայլեր: Ի մասնավորի՝ Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու (1467թ.) ամրացման համար ներդրված ջանքերը: Հուսով ենք, առաջիկայում համանման մոտեցում կկիրառվի նաև մյուս եկեղեցիների պարագայում: Քանի որ ճարտարապետական եզակի այս հուշարձանները ոչ միայն հայ ժողովրդի մշակութային վաստակն են, այլև մեր երկրի՝ Վրաստանի մշակութային ժառանգությունը, ինչը ոչնչացնելով խախտվում է բազմազգ Վրաստանի պատմական դիմանկարը:  
Վրաստանի հայության, Հայ Առաքելական Եկեղեցուն դավանող հավատացյալներիս աչքի առաջ շարունակում են կողոպտվել մեր նախնիների կողմից կառուցված հավատքի տները, տաճարները, որտեղ քրիստոնյա են մկրտվել, պսակի խորհուրդն են ընդունել մեր տատիկ-պապիկները: Մեզ համար կրկնակի ցավ է անկախ, ժողովրդավարական Վրաստանում մեր նախնիների ժառանգության փլուզման ու կորստի վկա լինելը այն դեպքում, երբ Վիրահայոց թեմն է պատմական տերը այդ ժառանգության: Այն զգացումն է, որ Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգությունը կրկնակի անգամ ենթարկվում է թալանի. առաջինը՝ սովետական օկուպացիայի ժամանակ, և երկրորդը՝ անկախ Վրաստանի օրոք:
Ռեստիտուցիայի մասին օրենքի բացակայության պատճառով, անկախ Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը զրկված է օրինական ճանապարհով իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ տեղի են ունենում նշված անօրինական և լիազոր մարմինների կողմից անվերահսկելի գործողությունները: Որպեսզի վերջնականապես հողին չհավասարվեն մեր կանգուն ու խոնարհված տաճարները, դիմում ենք Վրաստանի իշխանություններին այս եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրանքով:
Մենք ողջունում ենք 2014 թվականին հիմնված Վրաստանի Կրոնի հարցերով գործակալության գործունեությունը, Վրաստանի Կառավարության կողմից Խորհրդային տարիներին հասցված վնասի մասնակի փոխհատուցման որոշումը, այն փաստը, որ որոշ կրոնական համայնքների (իսլամական, հրեական) վերադարձվում են իրենց սրբավայրերը, և հուսով ենք, որ մոտ ժամանակներում իրականություն կդառնան մեր ժողովրդի, մեր նախնիների կառուցած տաճարները վերականգնված ու վերաբացված, հայ հավատացյալներով լեցուն տեսնելու մեր երազանքը:  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)