1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ելույթը «ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» կոնֆերանսում PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

TemՀիմնական գործիքները, որի վրա հիմնվում է կրոնական համայնքների Եվրոպական ինտեգրման գործընթացը՝ Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 18-րդ հոդվածն է, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Կրոնի և հավատքի հիման վրա բոլոր ձևերի անհանդուրժողականության և խտրականության վերացման մասին հռչակագիրը:

Ուստի վերոհիշյալ պարտավորությունները ստանձնած յուրաքանչյուր պետություն պարտավորվում է ապահովել, որ իր սահմանադրական և օրենսդրական համակարգերը տրամադրեն կրոնի կամ հավատքի ազատության համապատասխան և արդյունավետ երաշխիքներ բոլորին՝ առանց տարբերության, տրամադրելով արդարադատության և արդյունավետ միջոցների հասանելիություն այն դեպքերում, երբ խախտվում է կրոնի կամ հավատքի ազատությունը կամ մարդու ազատ կրոնին դավանելու, այդ թվում մարդու կրոնի փոփոխության իրավունքը:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ կրոնական կազմակերպությունների և խմբերի հասարակական ինտեգրման գործընթացը ձեռք է բերում որոշակի առանձնահատկություններ, և այդ առանձնահատկությունները էականորեն տարբերվում են արևմտյան՝ թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան միջավայրում կրոնական միավորումների տեղայնացման յուրահատկություններից, իսկ Վրաստանում կրոնական խնդիրների կարգավորման պետական գործառույթների առջև կան բազմաթիվ մարտահրավերներ և խնդիրներ, առկա է ժողովրդագրական և կրոնական կազմակերպությունների բազմազանություն՝ կրոնական խմբերի՝ հասարակության մեջ առավել սահուն ինտեգրման, կրոնական հանդուրժողականության խրախուսման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների գործունեության դրական և բացասական կողմերի լուսաբանման հիմնահարցեր: Ուստի այստեղ կարևորագույն դեր ունեն ԶԼՄ-ները, որոնք կարող են իրականացնել կարևորագույն գործառույթ հասարակության լայն շերտերում առավել խորացնլով կրոնական կազմակերպությունների պատմության, դավանանքի, կառուցվածքի, գործունեության առանձնահատկությունների, կրոնի ոլորտի ազգային և միջազգային օրենսդրության և իրավական դաշտի մասին տեղեկատվությունը:

Մեջբերում կատարելով 2013 թ. Կրոնի ու հավատքի մասին տարածաշրջանային համաժողովի փորձագետների արտահայտած կարծիքներից՝ հիմնախնդիրները, որոնք առկա են Վրաստանում և խոչընդոտում են այլ կրոնական համայնքների և եկեղեցիների հավասար իրավունքների հաստատմանը և այն դերակատարմանը, որը կնպաստի Եվրոպական ինտեգրման գործընթացին, օրենսդրական մակարդակով հետևյալն է.

1. Կրոնական միավորումները օգտվում են ոչ հավասար հարկային ռեժիմից, հարկավոր է բոլոր կրոնական համայնքներին տալ հավասար հարկային ու մաքսային արտոնություններ:

2. Ֆինանսավորումը, որ կառավարության կողմից հատկացվում է կրոնական կառույցներին, խորհրդարային ժամանակաշրջանում առգրավված եկեղեցիների և գույքի նյութական վնասի փոխհատուցման դիմաց՝ իրականացվում է ոչ համաչափ:

3. Պետությունը սահմանադրական համաձայնության հիման վրա ստանձնել է պարտականություն խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված գույքը հետ վերադարձնել, սակայն մինչ օրս կրոնական միավորումներին, որևէ գույք չի վերադարձրել: Հայ Առաքելական Եկեղեցին, Կաթոլիկական Եկեղեցին, Լութերական եկեղեցին, մուսուլմանական թեմը և հուդդայական թեմը տարիների ընթացքում անարդյունք պահանջում են պետության կողմից յուրացված գույքը (տաճարները) հետ վերադարձնել: Դրա հետ միասին, հիմնախնդիրը չլուծվելու պատճառով, տաճարները, որոնք ներկայացնում են պատմական հուշարձաններ, փլվում են կամ նպատակաուղղված փոփոխվում է դրանց արտաքին տեսքը:

4. Իրավապահների կողմից արձագանքելու հարցը - Տարիների ընթացքում իրավապահները չեն ցուցաբերել պատշաճ արձագանք կրոնական անհանդուրժողականության հիման վրա առաջացած հանցանքի նկատմամբ:

5. Հանրային կրթությունը և կրոնական խտրականությունը - չնայած այն բանին, որ ընդհանուր կրթության մասին օրենքը արգելում է խտրականությունը, պրոզելիտիզմը, ինդիքրինացիան և կրոնական տարբերանշանների ոչ ակադեմիական նպատակով ցուցադրումը, հանրային դպրոցները այս տեսանկյունից չեն դիմանում ոչ մի տեսակ քննադատության:

Ատելության լեզու - ամենահրատապ հիմնախնդիրներից մեկը անհանդուրժողական վերաբերմունքի արտահայտությունն է մեդիայում հանրային ֆիգուրների, հոգևոր դեմքերի և քաղաքագետների կողմից: Կրոնական միավորումների գործունեությունը հաճախ լուսաբանվում է կարծրատիպորեն կամ ընդհանրապես չի լուսաբանվում՝ այս միտումը առանձնապես բնորոշ է ազգային հեռուստալրատվամիջոցներին:

Ցավոք վերոնշված հիմնախնդիրները դեռևս իրենց լուծումը չեն գտել և շարունակվում են դրանց հետ կապված խնդիրները:  

Կրոնական համայնքների Եվրոպական ինտեգրման գործընթացում, մենք խնդիր ունենք նաև հասարակության հետ: Հասարակությունը խտրական է և բավարար գիտելիքներ չունի իր կողքին գտնվող կրոնական այլ համայնքների մասին, դեռ առկա է ազգայնական վերաբերմունքը և այս դեպքում դա երբեմն ոչ թե պետության, այլ հասարակության խնդիրն է: Փոքրամասնություն կազմող խմբերը կրոնական կառույցներն ու համայնքները, ընդհանուր հասարակության կողմից և իրենց համայնքի շրջանակներում ենթարկվում են երբեմն չգիտակցված ճնշման: Փոքրամասնությունների երեխաները և երիտասարդները կարող են ենթարկվել կրկնակի խտրականության. մի կողմից նրանք խոցելի են, կարող են հեշտությամբ հայտնվել խտրականության և խարանի թիրախում, մյուս կողմից փոքրամասնություններին հատուկ մեկուսացվածությունը խորացնում է այդ խտրականությունը: Ուստի պետությունը կարող է կրոնական համայնքներին և եկեղեցիներին տալ այնպիսի դերակատարում, որ կրթության և կրթական ֆորմալ ու ոչ ֆորմալ մոտեցումների զարգացման միջոցով կարողանա նպաստել մարդու իրավունքների և արժանապատվության արժեքների ընկալման ձևավորմանը:

Հանդուրժողականություն և արդարության գործոնը կարող է լավագույն գործիք լինել կրոնական գործիչների ձեռքին, որոնք ոչ միայն կխոսեն և կտարածեն եվրոպական արժեքները, այլև այն կհամակցեն իրենց և Վրաստանի պատամամշակութային ժառանգության հետ:

Պետությունը կրոնական կառույցների և համայնքների դերակատարման բարձրացմամբ (ինչը տրված է Վրաց Ուղղափառ Եկեղեցուն) կարող է նպաստել կրոնական անհանդուրժողականության դեմ պայքարի հետագա միջոցների պլանավորման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ապահովմանը, ինչն էլ կհեշտացնի Եվրոպական ինտեգրումը:

Վրաստան - Եվրոմիություն հեռանկարների լավագույն օրինակ կարող է լինել Արևելյան Եվրոպայի փորձը: Լինելով բազմազգ և բազմակրոն երկիր՝ Վրաստանը պետք է փորձի հավասարաապես օգտակար լինել կրոնական համայնքների զարգացմանը Վրաստանում: Հավասարության և արդարության հարցը՝ կրոնական համայնքների և եկեղեցիների հանդեպ շարունակում է առանցքային կարևորություն ունենալ Վրաստանում: Թեպետ, ողջունելի և գնահատելի է կառավարության կողմից այն քայլը, որ 2014 թ. Վրաստանի կառավարության որոշմամբ մասնակի փոխհատուցում է տրվում կրոնական չորս համայնքներին, սակայն այդպես էլ չի լուծվում կրոնական կառույցների վերադարձը օրինական տերերին, ինչպես նաև խորհրդային տարիներին բռնագրավված և այսօր դեռևս կանգուն եկեղեցիների վերադարձի հարցը: Սա ևս կարող է Եվրոինտեգրման խոչընդոտներից մեկը հանդիսանալ, քանի որ Եվրոմիության երկրներում վաղուց լուծվել են ռեստիտուցիայի հարցերը և շարունակվում է նյութական օժանդակության հատկացումը կրոնական համայնքներին: Այդպիսի լավագույն օրինակներից է Ռումինիան:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդրների շարունակական բնույթը՝ կրոնական հանդուրժողականության և նրա առջև ծառացած մարտահրավերները, պետք է շարունակվեն բաց քննարկումները, հավասարության սկզբունքով առաջնորդվելով՝ հեշտացվեն Եվրոմիության հետ ինտեգրումը: Իսկ դրա երաշխավորողը մեզնից յուրաքանչյուրի և Վրաստան պետության այն կառուցողական քայլերն են լինելու, որի շնորհիվ կրոնական փոքրամասնությունների և համայնքների ազատության նկատմամբ ունեցած հարգանքի և հավասարության ապահովմամբ կվերացվեն վերջիններիս նկատմամբ անհավասարությունը, ազատության սահմանափակումները և կբացառվեն բևեռացումները:  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)