Մեծ Պահքը կիսվեց՝ Միջինքի տոնը Թբիլիսիում |
2016 թվականի մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով Մեծ Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր և այն կոչվում է Միջինք: Եկեղեցական տոներին զուգորդվող ժողովրդական ավանդույթները նոր աշխուժություն են մտցնում հավատացյալների կյանքում, ուստի հասկանալի էր այն տոնական տրամադրությունը, որ տիրում էր այդ օրը Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևոր հայրերի գլխավորությամբ, հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին: Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող Հայոց Եկեղեցիները լեցուն էին հավատացյալներով: Ազգային ավանդական տոնին մասնակցում էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, բազում հավատացյալներ: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» (պարուսույց Սուրեն Աբրամյան), «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) պարային խմբերի անդամները, մի մասը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, իսկ մյուս մասը Սուրբ Էջմիածին եկեղեցում սեղանների վրա շարեցին խաչքավորներ Յուրի Երեմյանի և Կարեն Սարգսյանի հովանավորությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամներ Լարիսա և Ամալյա Հարությունյանների և Տոմա Ախիջանյանի ձեռքով պատրաստված հայկական ախորժալի գաթաները: Երկու եկեղեցիներում, հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց երեկոյան «Խաղաղական» ժամերգություն: Այնուհետ կատարվեց Միջինքի գաթայի օրհնության կարգ: Հոգևոր հովիվներ Տեր Սամվել քահանա Թորոսյանը և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը իրենց հովվության տակ գտնվող հավատացյալներին շնորհավորեցին Մեծ Պահքի առաջին կեսը հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուժ ու կորով մաղթեցին Պահքի մնացած օրերը հավատով եւ սիրով անցկացնելու համար: Ազգային տարազով զուգված աղջիկները երկու եկեղեցիներում հավաքված հավատավոր ժողովրդին բաժանեցին օրհնված հայկական բուրումնավետ և համեղ գաթաններ:
|