«Տարոն» պարային խումբը մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնին |
Լուրեր |
2016 թվականի հուլիսի 22-ին, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի հանդիսավոր բացումը:Փառատոնի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի ուղերձում, որը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի դերը աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելու գործում: Փառատոնը մեկնարկեց պարարվեստի օրերով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար Լևոն Չիդիլյան) «Տարոն» պարային համույթը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան) մասնակցեց փառատոնի բացման ավանդական շքերթին, իսկ երեկոյան «Սղերդի քոչարի» պարով արժանացավ փառատոնի հանդիսավոր բացմանը ելույթ ունենալու պատվին: Դա վերակազմավորված համույթի առաջին մասնակցությունն էր համահայկական այս հեղինակավոր միջոցառմանը, որին մասնակցում էին աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարային խմբեր: Հուլիսի 24-ին «Տարոն»-ը ազգագրական պարերով ընդգրկվեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվող համերգային ծրագրին: Հանդես գալով հայկական ժողովրդական պարերի խրոխտ և վարպետ կատարումներով, համույթն արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափողջույններին: «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում պարարվեստին հատկացված օրերից յուրաքանչյուրը հագեցված էր ու հետաքրքիր: Բացի մշակույթը ներկայացնելուց փառատոնի մասնակիցների համար նախատեսված էին շրջագայություններ մայր հայրենիքում, էքսկուրսիաներ տարբեր տեսարժան վայրեր և ուխտագնացություններ հոգևոր տաճարներ: «Տարոն» պարային խմբի անդամները Երևանում այցելեցին ՀՀ Ազգային պատկերասրահ, ուխտագնացությամբ եղան Թալինի կաթողիկե եկեղեցում, Գոշավանքում, ինչպես նաև Սևանում: Փառատոնին մասնակցում էին Թբիլիսիից «Անի» և «Վանք», Ջավախքից՝ «Վաչիան»և «Բարալեթ» պարային համույթները: |