Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը՝ Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2016 թվականի օգոստոսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը հանդիսավորությամբ արժևորվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Վաղ առավոտից բազմամարդ էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակն ու տաճարների ներսը: Եկեղեցիների խորանը զարդարվել էր օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու մրգով: Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի բոլոր ծագերը և ժողովուրդները: Այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին բազում հավատացյալներ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի, որ գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, զարդարված սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով: Հընթացս Սուրբ Պատարագի,Վազգեն եպիսկոպոսը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին և տոնի առիթով շնորհավորեց հավատացյալներին: Վիրահայոց թեմի առաջնորդը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց Թբիլիսիի հայոց եկեղեցիների խաչքավորներ Յուրի Երեմյանին և Կարեն Սարգսյանին, փայտագործ Սամվել Պողոսյանին, եկեղեցիներին կից գործող տիկնանց միության անդամներին, ովքեր հիրավի տոնական էին դարձրել տաղավար տոնը: Հոգևոր հայրերի կողմից ընթերցվեց Ներսես Շնորհալու աղոթքը նվիրված խաղողի օրհնությանը: Եկեղեցիների Պատարագիչները հոգևոր դասի հետ միասին հանդիսավորապես կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումի, Քվեմո Քարթլիի և մյուս հայկական եկեղեցիներում: Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Պատարագին ներկա էին բազում հավատացյալներ և ճամբարականներ: Հոգեշնորհ Հայր Սուրբի մատուցած Պատարագը, հավուր պատշաճի քարոզը և կայացած խաղողօրհնեքի կարգը մեծ ոգևորություն և մխիթարություն բերեց տեղի ժողովրդին: Խաղողի օրհնությունից հետո եկեղեցու բակում ճամբարականների ուժերով տրվեց տոնական համերգ: Տեղի համայնքներին նվիրական ծառայություն մատուցեցին Սամցխե Ջավախքի փոխանորդության քահանաները, ովքեր վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի օրհնության կարգ կատարեցին բազմաթիվ համայնքներում: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Սուրբ Աստվածամոր վերափոխման Սուրբ Պատարագին տեղի հավատացյալների հետ միասին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունից և այլ վայրերից ժամանած բազում հայեր և այլազգիներ: Խաղողի օրհնության կարգի ավարտից հետո Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից օրհնվեցին խաղողն ու միրգը և բաժանվեց ժողովրդին: Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: |