1

fb you od

Տավուշցի երիտասարդ ուխտավորները Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Tavushci ukhtavorner 

Նորերս բարձր մակարդակով իրականացավ «Հաղարծնի շաբաթ» նախագիծը, որի շրջանակներում միջոցառումները կյանքի կոչելու գործում իրավամբ մեծ էր ՀՀ Տավուշի մարզի և սահմանամերձ գյուղերի երիտասարդաց միությունների ներդրումը: Բարձր գնահատելով երիտասարդների մասնակցությունը թեմական կյանքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց տավուշցի երիտասարդների ուխտագնացությունը Թբիլիսի:

2016 թվականի սեպտեմբերի 3-4-ին Տավուշի թեմի Երիտասարդաց միության և Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկա-պատանեկան երգչախմբի անդամները, ինչպես նաև մարզի քաղաքներից ու գյուղերից ներկայացուցիչները, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանի, Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի առաջնորդությամբ ժամանեցին Թբիլիսի:

Ուխտավորները Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագին, պատարագիչն էր արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Սբ. Պատարագի ժամանակ երգեց Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկա-պատանեկան երգչախումբը՝ խմբավար Հերմինե Փալանդուզյան: Հընթացս Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը՝ հանուն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ողջունեց և բարի գալուստ մաղթեց Բագրատ Սրբազանին և տավուշցի ուխտավորներին, ապա հավատացյալներին ծանոթացրեց Բագրատ Սրբազանի անցած բեղուն ճամփան և գործունեությանը:

Ներկաներին իր օրհնությունը բերեց Տավուշի թեմի առաջնորդը: Սրբազան Հայրը նախ իր եղբայրական սերը և գոհունակությունը խնդրեց փոխանցել Վիրահայոց թեմի առաջնորդին ջերմ ընդունելության և հրավերի համար և հորդորեց թբիլիսահայ հավատացյալներին լինել անվախ, հպարտ, քանի որ քրիստոնյաները չեն վախենում և չեն ամաչում:

Ուխտավորները իրենց խոնարհումը բերեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակում Սայաթ-Նովայի, Մետեխի բարձունքին՝ Սուրբ Շուշանիկի գերեզմաններին, Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հանգչող հայ մեծերի հիշատակին:

Հյուրերը մոմեր վառեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, դիտեցին «Հայարտուն» կենտրոնը, նվագեցին, ասմունքեցին ու պարեցին կենտրոնի երիտասարդների հետ:

Նոր ընկերներով ու վառ տպավորություններով հարստացած տավուշցի երիտասարդ ուխտավորների խումբը վերադարձավ տուն: 

11 22 33 44 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)