1

fb you od

Խաչվերացի տոնը՝ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Khachverac 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը, որը շարժական է և այս տարի նշվեց սեպտեմբերի 11-ին, հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Տոնական օրվա համար եկեղեցիներում Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը: Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզեց՝ ի մասնավորի ասելով. «...Խաչը վերցնել և Քրիստոսին հետևել. զուտ խոսքեր կամ զուտ փիլիսոփայություն չէ, սիրելիներ: Խաչը վերցնել և Քրիստոսին հետևել. դա ապրելաձև է, կենսակերպ է, դա առօրյա է: Քրիստոսին հետևել՝ նշանակում է սեփական եսը ուրանալ և սեփական ունեցվածքից զոհողություն անել: Առանց զոհողության, առանց զոհաբերության, առանց քեզ զրկելու ու քեզ նեղություն տալու՝ չկա քրիստոնեություն: Այս մեկը, խնդրում եմ, միշտ հիշեք, առանց զոհողության և առանց զոհաբերության մեկը չի կարող քրիստոնյա անվանել իրեն: Զոհողությունն այն է, երբ հրաժարվում ես քո ունեցածից, քեզ համար թանկագին մի բանից, որի կարիքն ունի դիմացինը: Բայց հատկապես, երբ այդ զոհողությունը անում ես Աստծու փառքի համար: Սա է իրական զոհողությունը, սիրելիներ, երբ դիպչում ես քո գրպանին, քո ունեցածին՝ հանուն դիմացինի և հանուն երկնավորի փառքի: Մեկ բառով ես սա սեր եմ կոչում, սեր եմ անվանում: Զոհողությունը նկատում եմ իբրև սիրո չափման միավոր: Նրանք, ովքեր շատ են սիրում, շատ էլ զոհաբերում են: Նա, ով սեր չունի, չի հասկանա՝ ինչ է զոհողությունը և զոհաբերությունը: Շատ սիրողը շատ էլ զոհաբերում է, որովհետև սիրում է իր նմանին և անում է՝ հանուն երկնավորի փառքի: Եվ մենք տալով ոչ թե աղքատանում ենք, այլ տալով հարստանում ենք, և ինչպես ասում է արևմտահայ մեծ բանաստեղծը. «Կյանքեն ինձի ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ այն միայն...»:

Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, հավարտ տոնական Սուրբ Պատարագի, եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից օրհնվեց մատաղացու ոչխարից Եկեղեցասեր տիկնանց միության պատրաստած հարիսան և բաժանվեց հավատացյալներին:

Նույն օրը Թեմի բոլոր եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Խաչվերացի թափորի հատուկ կարգ:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի հայոց եկեղեցիներում: 

IMGP0054 IMGP0063 2 IMGP0076 2 IMGP0103 

IMGP0115 IMGP0119 2 naxaverjin verjin 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)