1

fb you od

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

25 

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը տոնական էր նաև վիրահայության համար:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց հանրապետական մաղթանք: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում արարողությունը նախագահեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Տոնական տրամադրությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, որտեղ կայացավ հանդիսություն՝ նվիրված անկախության վերահաստատման 25-րդ տարեդարձին: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետները, հոգևոր դասը, թբիլիսահայ համայնքային գործիչներ, մտավորականության ու հասարակայնության ներկայացուցիչներ:

Ներսես Շնորհալի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարմամբ մեկնարկեց հանդիսությունը:

Հայաստանի Հանրապետության երիտասարդ պետականության անսասանության, քառօրյա ապրիլյան պատերազմում հայ զինվորի հայրենասիրության և նվիրվածության, նրա խնկելի հիշատակի մասին սրտի խոսք ասաց Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը:

Հայ ժողովրդի մաքառումներով անցած պատմության էջերին անդրադարձ կատարեց Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Ազգի նախահայր Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի մասին դրվագը դարձնելով բանախոսության կոչնակ, Հայոց բանակի գնդապետը խոսեց հերոսական մատենագրության, վարած դիվանագիտության, պետականության կորստի և 600 տարի հետո պետականությունը վերահաստատած հայի ու Հայաստանի մասին, իր խոնարհումը բերեց ընկած հերոսների հիշատակին, հպարտությամբ արժևորեց հայի ոգու ամրությունը և մայր հայրենիքի և Արցախի անկախությունը անշրջելի դարձնելու վճռականությունը:

Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, Սրբազան Հայրը նշեց, որ անկախության տարիները թեև հեշտ ու խաղաղ չեն եղել, սակայն հաստատել են, որ ազգի ճակատագրի միակ որոշողը ինքը հայ ժողովուրդն է: Թեմակալ առաջնորդը արժևորեց բանակի դերն ու նշանակությունը Հայաստանի պետականության պահպանման, Արցախի ազատության համար պայքարում: Վազգեն սրբազանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի անկախ պետականությունը աշխարհասփյուռ հայությանը ընձեռել է միասնաբար դրսևորվելու, ներուժը համախմբելու և Հայաստանի բարգավաճմանը օժանդակելու հնարավորություն:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի անկախության հռչակմանը և Արցախյան պատերազմի հերոսական ուղուն նվիրված վավերագրական ֆիլմ, դրվագներ Երևանում, Հանրապետության հրապարակում անկախության 25-րդ տարեդարձին նվիրված շքեղաշուք զորահանդեսից: Տոնական միջոցառմանը հնչեցին «Հայարտուն» կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախմբի և անհատ կատարողներ Նինա Կարապետյանի, Աննա Պողոսովա-Բադալյանի, Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ երգեր: Տպավորիչ էր Լևոն Չիդիլյանի կողմից Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության և Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի Հայաստանին և Արցախին նվիրված սեփական բանաստեղծությունների արտասանությունը: 

DSC07749 DSC07767 DSC07779 DSC07795 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)