Մարտիրոս Ելագյանի ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ Մարտիրոս Ելագյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այցելուները ակնդետ ուշադրությամբ դիտում էին շնորհալի նկարչի ոչսովորական աշխատանքները. տարբեր իրավիճակներ և տրամադրություն արտահայտող դիմանկարային գեղանկարներ, կենդանական աշխարհի իրավամբ կենդանի վերարտադրությամբ գրաֆիկական աշխատանքներ: Ահա այն 30 կտավները, որոնք հիրավի դարձան վարպետ նկարչի լայնահուն ներկապնակի փայլուն նմուշներ: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, բացելով ցուցահանդեսը ներկայացրեց Մարտիրոս Ելագյանին, ում ծնողները լինելով բնիկ թբիլիսեցիներ, իրենց որդու մեջ ներդրել են այս կոլորիտային քաղաքի նկատմամբ մեծ սեր ու հարգանք, թբիլիսահայ արվեստի կարկառուն դեմքերից սովորելու ձգտում: Բազում անհատական ցուցահանդեսներով արվեստասեր հասարակայնությանը ներկայացած, նաև խմբային ցուցահանդեսներին մասնակցած նկարչի ստեղծագործությունների հավատո հանգանակը պարզությունն է, մատչելիությունը և արհեստավարժությունը: Նման մոտեցմամբ և տեսլականով տոգորված շնորհալի նկարչի աշխատանքները դարձել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Չեխիայի բազում մասնավոր նմուշահավաքների սեփականություն և հաստատուն տեղ գրավել Արցախի կերպարվեստի թանգարանում: Դեռևս 2008 թվականին լույս տեսած արվեստագետ Արմեն Սաթյանի «Մեր ժամանակակիցների գեղանկարչությունը» գրքում զետեղված 13 նկարիչներից մեկը Մարտիրոս Ելագյանն է: Թբիլիսիում անհատական ցուցահանդեսով ներկայանալու առիթով մայր հայրենիքից ժամանած նկարչին շնորհավորեցին մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Իրեն Օհանջանովան, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ Լևոն Օսիպովը և ուրիշներ, արժևորելով արվեստագետի բազմաոճ ստեղծագործությունները, մատիտի և գույների միջոցով իրական և երևակայական աշխարհն արտահայտելու վարպետությունը: Շնորհակալություն հայտնելով «Հայարտուն» կենտրոնին ցուցադրվելու հնարավորություն ընձեռելու համար, Մարտիրոս Ելագյանը սույն ցուցահանդեսը անվանեց նաև հոգու կանչ, հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող Թբիլիսիի արվեստասեր հասարակայնությանը իր արվեստով ներկայանելու երազանքի իրականացում: Մարտիրոս Ելագյանի ցուցահանդեսը Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: |