Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցեց Թբիլիսոբա տոնին |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 15-16-ին նշվող Թբիլիսոբա (Թբիլիսի քաղաքին նվիրված տոն) տոնի կապակցությամբ, Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի հրավերով, Թբիլիսիում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Հայաստանի մայրաքաղաքից ժամանած բարձրաստիճան հյուրերին, հոկտեմբերի 15-ին, ընդունեց Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմաինան: Երկու մայրաքաղաքների իշխանությունների ներկայացուցիչները քննարկեցին բարեկամական կապերի խորացման և համագործակցության զարգացման հետ առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցեց քաղաքի տոնին նվիրված տարբեր միջոցառումներին: Հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և ներկա գտնվեց Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, որին ներկա էին թբիլիսահայ համայնքային գործիչներ և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Ճիճինաձեն: Հավարտ Սուրբ Պատարագի հյուրերը հյուրընկալվեցին Առաջնորդարանում: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունեց քաղաքապետարանի պատվիրակության այցելությունը Թբիլիսի, մաղթեց, որ երկու քաղաքների բարեկամությունը նպաստի հայ և վրացի ժողովուրդների բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի խորացմանը, երկու հինավուրց և նվիրական մայրաքաղաքների համագործակցության ամրապնդմանը: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագին ներկա էին ուխտավորաբար Վրաստանում գտնվող Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հավատացյալները՝ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ: |