1

fb you od

Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 6974 

2016 թվականի հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում, Մերաբ Բերձենիշվիլիի անվան «Մուզա» մշակույթի միջազգային կենտրոնը հյուրընկալել էր մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնության տարբեր ազգի ներկայացուցիչներին: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, համերգային ծրագրով Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Երվանդ Վարոսյանի գլխավորությամբ: Վաստակաշատ նվագախմբի համերգը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Սիմֆոնիկ համերգին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Էլինա Մկրտչյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի Թբիլիսիի Իսանի շրջանից մեծամասնական անդամության թեկնածու Դավիթ Ճիճինաձեն և ուրիշներ:

Ողջունելով ներկաներին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Շիրակի մարզի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը մշակույթի քաղաք Գյումրիի խոնարհումը բերելով հայ մշակույթի երբեմնի կենտրոն և ռահվիրաների հավաքատեղի Թբիլիսի քաղաքին, սույն համերգը կոչեց անկախություն ձեռք բերած Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամության խորացման և ամրապնդման ևս մեկ փաստագրություն: Բանախոսը իր երախտագիտությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում օրհնությամբ իրականություն դարձավ այս միջոցառումը: Տիկին Հասմիկ Կիրակոսյանը շնորհակալության խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնին և ղեկավար Լևոն Չիդիլյանին, Վրաստանում ՀՀ դեսպանությանը՝ ցուցաբերած կազմակերպչական մեծ աշխատանքի համար:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը ճոխ էր ու նվիրական: Մենակատարներ Կարապետ Շաբոյանի, Մերուժան Գևորգյանի մասնակցությամբ նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ, վրացի և արտասահմանցի երաժիշտների ստեղծագործությունները: Շենշող համերգի հոգեշունչ վերջաբան դարձավ Ռևազ Լաղիձեի «Սաճիդաո» երաժշտությունը:

Գյումրեցիների համերգն ուղեկցվեց թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանը քաջածանոթ Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների ցուցադրությամբ: Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը դարձավ թբիլիսյան մշակութային կյանքի ևս մի էջ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)