1

fb you od

Ծանոթություն «Այբ» կրթական համակարգի գործունեության հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

ayb 

2016 թվականի նոյեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հավաքվածներին հետաքրքրում էր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և Դիլիջանում գործող «Այբ» կրթական համալիրի գործունեությունը: Վիրահայ համայնքի երազանքներից ամենահրատապը ազգային դպրոց ունենալն է, ուստի տարրական, միջին և ավագ դպրոց ունեցող ամբողջական կրթության այս միջավայրի նկատմամբ հետաքրքրությունը միանգամայն հասկանալի է: Հատուկ այս հանդիպման նպատակով Երևանից ժամանած «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը հանգամանալից ներկայացրեց նորարարական կրթության մոդելով գործող դպրոցը:

Խոսելով արդեն մեկ տասնամյակի պատմություն ունեցող դպրոցի, կրթական համակարգի և Այբ հիմնադրամի ստեղծման մասին, տնօրենը անդրադարձ կատարեց մի քանի երիտասարդների կողմից Հայաստանում մայրենի լեզվով բարձրարժեք դպրոց ստեղծելու մտահղացմանը, որի իրականացմամբ այսօր արդեն գործում է տարածաշրջանում իր նմանը չունեցող հանրային կրթության մոդելը:

Պարոն Փախչանյանը պարզաբանեց միջազգային մակարդակի մրցունակ կրթություն ապահովող դպրոցի կառուցվածքը, ուսուցման մեթոդիկան, տարբեր դիսցիպլինների համադրությունը: «Այբ» դպրոցում գրեթե դասարաններ չկան, կան խմբեր, որոնք ստեղծվում են ինքնաբերաբար, չկա դասղեկ ու գնահատման համակարգ, չկան օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործում է էլեկտրոնային համակարգը, գնահատումը կատարվում է բնութագրական արձագանքի միջոցով: Թվանշանային գնահատման համար կիրառվում է 100-միավորանոց սանդղակ:

Կարևորելով մայրենի լեզվով կրթության մատչելիությունը և արդարացի լինելը, բանախոսը ընդգծեց, որ սույն դպրոցում ուսուցումը հայերեն է, ուսումնական ծրագիրը՝ համակողմանի: Այստեղ կրթվում է այն սերունդը, որն ընդունակ կլինի փոխելու երկիրը, ստանձնելու երկրի համար պատասխանատվություն:

Այնուհետև հյուրը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցի կառուցվածքին ու կառավարման մոդելին, ֆինանսավորմանն ու ուսման վճարին, ընդունելության հանգամանքներին ու ետդպրոցյան կրթությանը, դպրոցի լաբորատորային և տեխնիկական հագեցվածությանը:

«Այբ» դպրոցի տնօրենի հուսադրող խոսքը թբիլիսահայերին այն էր, որ դպրոցական հարմար շենք ունենալու դեպքում, «Այբ» կրթական համակարգը կցուցաբերի աջակցություն Թբիլիսիում ազգային դպրոց ստեղծելու գործում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)