Հանդիպում UWC College Dilijan (Դիլիջանի միջազգային դպրոցի) տնօրինության հետ |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ հանդիպում В UWC College Dilijan (Դիլիջանի միջազգային դպրոցի) տնօրեն Դենիս Դէվիդսոնի, ընդունող հանձնաժողովի նախագահ Ելենա Շերոզիայի և հանձնաժողովի անդամ Դարիա Բրոդնիկովսկայայի հետ: Դահլիճը բազմամարդ էր: Ներկա էին ինչպես տարբեր ազգերի բարձր դասարանների սովորողները, այնպես էլ նրանց ծնողները: Ներկաներին հետաքրքրում էին քոլեջի գործունեության մանրամասնությունները, ուսուցման մեթոդիկան, ուղղությունները, քոլեջ ընդունվելու պայմանները, ձեռք բերած հաջողությունները և ապագայի տեսլականը: Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Դենիս Դէվիդսոնը հանգամանալից ներկայացրեց իր ղեկավարած միջազգային դպրոցը, որտեղ ուսանում է 200 սան 72 երկրներից, ընդորում Հայաստանից և Վրաստանից: Տնօրենը կարևորեց, որ դա աշխարհի առաջատար բուհեր ընդունվելու երկամյա նախապատրաստական դասընթաց է և ուսուցումն այստեղ անգլերեն լեզվով է: Ընդունող հանձնաժողովի նախագահ Ելենա Շերոզիան հավելեց, որ Դիլիջանի միջազգային քոլեջը 1962 թվականին ստեղծված աշխարհի քոլեջների միավորման անդամ է, ներկայումս քոլեջում սովորում են 16 ուսանողներ Վրաստանից: 16-17 տարեկան դեռահասի առջև բաց են Դիլիջանի միջազգային դպրոցի դռները: Դրսևորելով համապատասխան գիտելիքներ և հաղթահարելով երեք փուլից բաղկացած մրցույթը, պատանին կարող է դառնալ քոլեջի սան: Առաջնային համարելով գլոբալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը, ուսման վարձը վճարելու գործում քոլեջը ընդառաջում է անվճարունակ ընտանիքներին, իր խոսքում ընդունելության պայմանները հստակեցրեց հանձնաժողովի անդամ Դարյա Բրոդնիկովսկայան: Այնուհետև քոլեջի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումը շարունակելու պայմաններին, հանրային դպրոցը ավարտելուն, բժշկական սպասարկմանը, զինծառայության տարեկետմանը և այլն: Հանդիպումն ընթացավ աշխույժ և հետաքրքիր մթնոլորտում: |