ՀՀ Սփյուռքի նախարարության տեսակապը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հետ |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 29-ին կայացավ տեսա-կապ ՀՀ Սփյուռքի նախարարության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի միջև: Մայր հայրենիքի աշխարհասփյուռ հայությանը համախմբող կառույցի նպատակն էր անմիջական կապի միջոցով ծանոթանալ Վիրահայ համայնքի, ի մասնավորի թբիլիսահայ համայնքի գործունեությանը, հուզող խնդիրներին և ապագայի տեսլականին: ՀՀ Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապիոնյանը, փոխանցելով ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի ողջույնը ասուլիսի մասնակիցներին, կարևորեց տեսակապի միջոցով այն ծրագրերի և նախագծերի ուրվագծումը, որոնք ուղղված կլինեն վիրահայ համայնքում մայրենիի պահպանությանը, ազգային մշակույթի զարգացմանը և համահայկական միջոցառումների իրականացմանը: Ներկայացնելով թբիլիսահայ համայնքի արդի իրավիճակը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բարձրաձայնեց տեղի հայության ուծացման սպառնալիքը, որը աստիճանաբար տարածվում է ժամանակին հայ մտքի զարգացման կենտրոն Թբիլիսիում: Պարոն Չիդիլյանը մտահոգություն հայտնեց փոքրաքանակ աշակերտներով դպրոցների մասին, մեջբերեց Ներսիսյան դպրոցի ազգապահպան օրինակը, և ստեղծված իրավիճակից ելք անվանեց բարձր մակարդակի մասնավոր դպրոցի գոյությունը: Թբիլիսահայ համայնքի համար հիմնադրույթային անվանվեց նաև Հայաստանից դասագրքերի ուշացումով ստանալը: Տեսա-կապի ժամանակ թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների կողմից արժևորվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությունը կենտրոնի գործունեությանը, իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, «Արի տուն» երիտասարդական ծրագիրը, հանգամանալից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի Թբիլիսյան բնակարանի, այժմ արվեստի և գրական կապերի «Վերնատուն» կենտրոնի շին-վերանորոգչական աշխատանքների ընթացքը, որի բացումը նախատեսվում է գարնանը: Անդրադարձ կատարվեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից մեկնարկած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, որին միացել է նաև թբիլիսահայությունը կազմակերպված ուխտագնացություններով, փոխադարձ համագործակցությամբ, համատեղ ծրագրերի իրականացմամբ: ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները իրենց աջակցությունը խոստացան ազգային ինքնության պահպանությանն ուղղված հարցերի կարգավորման, Թբիլիսիի հայ համայնքին «Արի տուն» երիտասարդական ծրագրի քվոտաների ավելացման, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը հավուր պատշաճի նշելու և մյուս համահայկական ծրագրերի իրականացմանը համատեղ մասնակցելու գործում: Ամփոփելով տեսակապը փոխնախարար Սերժ Սրապիոնյանի առաջարկությամբ որոշվեց նման օնլայն հանդիպումները դարձնել պարբերական, ինչը կնպաստի Հայրենիք-Սփյուռք համագործակցության ամրապնդմանը: |