Վիրահայոց թեմի ընդհանուր ժողովը |
Լուրեր |
2016 թվականի նոյեմբերի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի պաշտոնեության և հոգևոր դասի ընդհանուր ժողովը: Այն նվիրված էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գերագույն հոգևոր խորհրդի աշնանային ժողովի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության տպավորություններին և սոցիալական ցանցի «Հայարտուն» facebook-յան էջի օգտատերերի 10 հազար Like-երի սահմանի հատմանը: Ժողովը սկսվեց «Հայր մեր» աղոթքով և թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Սրբազան Հայրը ներկաներին պատմեց Նյու-Յորքի հայ համայնքի և Հայոց եկեղեցու մասին, ներկայացրեց Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի գործունեությունը, մայրենիի և հայի ինքնության պահպանության դրվածքը, խոսեց գործող մեկօրյա դպրոցների, երիտասարդական միությունների և հայ հասարակական կազմակերպությունների մասին: Վազգեն Սրբազանը Նյու-Յորքում մասնակցել էր նաև ՀԲԸՄ –ի 110-ամյակին նվիրված տոնակատարությանը և իր տպավորությունները կիսեց հայ համայնքի ակտիվության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ազգանվեր աշխատանքների շուրջ: Վիրահայոց թեմի առաջնորդը պատմեց աշխատանքների ընդհանուր ծանոթության, փորձի փոխանակության մասին, կարևորելով հետաքրքրությունը Վիրահայոց թեմի կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների գործունեության նկատմամբ և ցանկությունը այդ մոդելը նաև այլ համայնքներում ներդնելու մասին: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնին, «Հայարտուն» facebook-յան էջի ընթերցողների կողմից տրված Like-երի՝ հավանությունների թվաքանակով 10 000 –ի սահմանագիծը հատելու կապակցությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ԱՄՆ կատարած ուղևորությունից վերադարձի և օգտատերերի պատկառելի թվաքանակին հասնելու առիթով կազմակերպվեց հյուրասիրություն: |