Հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին |
Լուրեր |
2016 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Գեդեվան Փոփխաձեն, Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Իլյա Ջիշկարիանին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Բնական աղետի զոհերի հիշատակին իր խոնարհումն էր բերել 1988 թվականին Խորհրդային Վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և Վրաստանից ցուցաբերվող օգնության պետական հանձնաժողովի նախագահ պարոն Ջումբեր Պատիաշվիլին: Հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն անմեղ նահատակների հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին: Բանախոսների կողմից անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորվեց աշխարհի երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորվեց հարևան քրիստոնյա Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությունը և, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ցուցաբերված աջակցության մասին: Հայ ժողովրդին պատուհասած երկրաշարժը Աստծու փորձություն անվանելով, հորդորվեց ապրել քրիստոնեական սիրով և հավատքով: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում երկրաշարժի զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ և մոմեր վառվեցին նրանց հոգիների խաղաղության համար: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ շուրջ 20 000 մարդ: Ավերվեցր ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: |