1

fb you od

ՀՀ պաշտպանության նախարարը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

vigen sargsyan 

2016 թվականի դեկտեմբերի 22-ին, պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի: Նախարարին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգևոր դասի հետ:

Նախարարը և իր պատվիրակությունը մոմեր վառեցին 13-րդ դարի կառույց Սուրբ Գևորգ եկեղեցում և աղոթք բարձրացրին հինավուրց տաճարում:

ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ զետեղեց Եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության հանդիպումը թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների հետ:

Հյուրերին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ ողջունեցին կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները:

Ողջունելով նախարարին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոսը անդրադարձ կատարեց պատմական այն ուղուն, որ իրար զորակցելով կերտել են հայերն ու վրացիները, կանգնելով իրենց հայրենիքի պաշտպանության դիրքերին, խաղաղություն և անվտանգություն ապահովելով իրենց ժողովուրդներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով առաջնորդին և վիրահայերին, արժևորեց և բարձր գնահատեց Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Հայոց բանակում: ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին, նշելով, որ մեր երկու ժողովուրդների, երկրների միջև երբեք որևէ լուրջ բախում, տարաձայնություն չի եղել: Նախարար Սարգսյանը արժևորեց այն, որ պատմականորեն հարևան երկրները նույն արժեհամակարգը և քրիստոնյա հավատքը կրողներ են: ՀՀ պաշտպանության նախարարը ի մասնավորի խոսեց տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության գործում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի զինված ուժերի համագործակցության հեռանկարների մասին:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ընթերցեց ՀՀ նախարար Վիգեն Սարգսյանի հրամանագիրը՝ ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ թբիլիսաբնակ Ստանիսլավ Մանուկյանին, Արթուր Բեգլյանին և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանին Գարեգին Նժդեհ մեդալով պարգևատրելու մասին:

Մեծարգո նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հանդիպումն ավարտեց հայ համայնքին ուղղված գալիք ամանորի բարեմաղթանքով:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղեկցում էին առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և պատվիրակության մյուս անդամները: 

1 2 3 4 

5 6 7 8 

9 10 11 12 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)