Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորյա տոնահանդեսը |
Լուրեր |
2016 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի «Մովսես Խորենացի նախակրթարան»-ի ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը: Դահլիճը ուսուցիչ-դաստիարակների աշխատասիրությամբ և ծնողների աջակցությամբ իսկական տարեմուտի տոնական տեսք էր ստացել, որտեղ հավաքված երեխաները սպասում էին Նոր՝ 2017 թվականի գալուստն ավետող զանգի ղողանջներին: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքներից հետո, երեխաները հաջորդաբար արտասանեցին, երգեցին ու պարեցին Նոր տարվան և Սուրբ Ծննդին նվիրված այն ամենը, ինչը նրանց սովորեցրել էին հարգելի ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանը, Աքսանա Շարոյանը, Մարի Աբուլյանը և մյուսները: Առանձնապես տպավորիչ էր ժողովրդական «Քաջ Նազար» հեքիաթի բեմականացումը՝ կապված տոնածառի հետ, որ այնպես գեղեցիկ և վարպետորեն ներկայացրեցին փոքրիկները: Ավանդույթի համաձայն եկավ Ձմեռ պապը և իր գոհունակությունը հայտնելով երեխաների գեղեցիկ ելույթների համար, նրանց բաժանեց ամանորյա նվերներ: Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, բարձր գնահատեց նախակրթարանի ուսուցիչների աշխատանքը տոնահանդեսը այսպես գեղեցիկ կազմակերպելու և երեխաների մոտ իրավամբ ամանորյա տրամադրություն ստեղծելու համար: Հայր Սուրբը հորդորեց ներկաներին ամանորից առավել կարևորել և արժևորել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան տոնը: Հավարտ միջոցառման գնահատանքի և օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձ կատարեց «Հայարտուն» կենտրոնի, ի մասնավորի այստեղ գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեությանը, որն ամեն անգամ ներկայանում է նոր գեղեցկությամբ, նոր ձևավորմամբ, ապացուցելով, որ նախակրթարանն իրավամբ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության օջախ է: Սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց արժանապատիվ Տեր Ստեփանոս քհն. Դինգիլյանին (ԱՄՆ Արևմտյան թեմ) և արժանապատիվ Տեր Արարատ քհն. Գումբալյանին (Վիրահայոց թեմ) առաջնորդարանի հետ միասին նախակրթարանի սաներին ամանորյա նվերներով ապահովելու համար: Վազգեն Սրբազանը ներկաներին հորդորեց անմասն չմնալ և մասնակցել առաջիկա Ճրագալոյցի, Սուրբ Ծննդյան Պատարագներին և և Ջրօրհնեքին: Հավելենք, որ թբիլիսաբնակ Գիորգի Թումասյանը և երևանաբնակ Սամվել Մովսիսյանը Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաներին ևս մեկ Սուրբծննդյան նվեր են պատրաստել՝ երեխաների համար կազմակերպելով տոնական հյուրասիրություն: |