Անահիտ Բոստանջյանին հուղարկավորեցին Խոջիվանքի պանթեոնում |
Լուրեր |
2017 թվականի հունվարի 12-ին, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում, որտեղ տեղադրվել էր օրերս անսպասելի վախճանված հանրահայտ բանաստեղծուհի, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի աճյունը, չէր դադարում մարդկանց հոսքը: Դահլիճում տարածվում էր նրա կենդանի ձայնը. մայրենին ու հայրենիքը սիրելու, ժողովուրդների բարեկամության խորացմանը նվիրվելու պատգամով: Մարդիկ գալիս էին. հայեր, վրացիներ, ռուսեր, ահելներ ու ջահելներ՝ սրտի ցավով ծաղիկներ խոնարհելու ստեղծագործական բուռն կյանքով ապրող վաղամեռիկ բանաստեղծի աճյունին: «Վրաստան» թերթի լրագրող,Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպության ղեկավար, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ, Վրաստանի «Պատվո նշան» և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանակիր, Վիրահայոց թեմի »Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Բոստանջյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին Հայաստանի գրողների միության պատվիրակությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը, Վրաստանի գրողների միության պատվիրակությունը, հայ և վրացի գրողներ, կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած պատվիրակություններ, Թբիլիսիի բազմազգ հասարակության անդամներ: Բազմամարդ դահլիճում կայացավ սգո հանրահավաք: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը անդրադարձ կատարեց վաղամեռիկ բանաստեղծուհու կյանքին և գրական ու հասարակական գործունեությանը: Հրաժեշտի խոսքով հանդես եկան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ Սփյուռքի փոխնարար Սերժ Սրապիոնյանը, հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ: Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից կատարվեց հուղարկավորության ծես, որից հետո հողին հանձնվեց մեծ բանաստեղծուհու դին: |