Բաթումի հայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը |
Լուրեր |
2017 թվականի հունվարի 29-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, հավատացյալները տեղափոխվեցին Եկեղեցու բակում կանգնեցված հիշատակի խաչքարի մոտ և մասնակցեցին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարված հոգեհանգստյան պաշտոնին, որը նվիրված էր Հայոց բանակի նահատակված, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հոգիների խաղաղությանը: Արարողությանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Ներկաները հիշատակի ծաղիկներ զետեղեցին խաչքարի պատվանդանին: Այնուհետև Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում (տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյան) կայացավ տոնական միջոցառում: Ներկաներին փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, Տեր Արարատ քահանան խոսեց օրվա խորհրդի՝ փառապանծ դարավոր ուղի անցած և Հայաստանում անկախությունը վերահաստատելուց հետո նորովի կազմավորված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին: Հայոց նորաստեղծ բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումի հայ համայնքին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց Աջարիայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Սարգսյանը: Ներկաները մեծ հետաքրքրւթյամբ դիտեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված տեսաֆիլմը: Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեց Ալեքսանդր Մանթաշյան կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ գեղեցիկ և բազմաժանր համերգը:Աջարական Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության կողմից կատարվեց հյուրասիրություն: Հայոց բանակի օրը դարձավ իրավամբ տոնական բաթումահայության համար: |