Լև Բայախչևի նկարները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի փետրվարի 24-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Վրացական Հանրապետության վաստակավոր նկարիչ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ Լև Բայախչևի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը և «Հայարտուն» կենտրոնը: Լև Բայախչևը XX դարի երկրորդ կեսի վրաց կերպարվեստի ակնառու ներկայացուցիչներից է: Ցուցահանդեսին ներկայացվել էին նկարչի տարբեր ժամանակներում ստեղծված շուրջ 60 գրաֆիկական աշխատանքներ և գեղարվեստական կտավներ: Ցուցադրված բոլոր նմուշները, որ տրամադրել էր ընտանիքը, ներկայացվեցին առաջին անգամ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Բայախչևի ընտանիքի անդամները, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության տարբեր ազգի ներկայացուցիչներ, Բայախչևի արվեստը ճանաչողներ և գնահատողներ: Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նա շնորհակալություն հայտնեց Բայախչև ընտանիքին ցուցահանդեսի կազմակերպմանը օժանդակելու համար: Վրաստանի նկարիչների միության նախագահ, ցուցահանդեսի կուրատոր Իռեն Օհանջանովան անդրադարձ կատարեց նկարչի ստեղծագործական կյանքին, կարևորելով նրա մասնակցությունը տարբեր ցուցահանդեսներին և կազմակերպված անհատական ցուցահանդեսները: Բանախոսը խոսեց վաստակավոր նկարչի կտավների մասին, որոնք պահպանվում են Վրաստանի և արտասահմանյան թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: Մեծ նկարչի ստեղծագործական բազմաոճ ներկապնակի և նկարչական հարուստ տեխնիկայի մասին ելույթ ունեցան արվեստագետ Մարինա Մեձմարիաշվիլին, սրբապատկերների մեծավարպետ Միխեիլ Մճեդլիշվիլին, նկարիչ Ռոման Ցուխիշվիլին: Իրենց ընկերոջ, լավ բարեկամի մասին հուշեր պատմեցին Արտեմ Կիրակոզովը և Իգոր Նագորնին: Երախտագիտության խոր զգացումով ելույթ ունեցավ նկարչի այրին՝ տիկին Ելենա Բայախչևան: Նա հայտարարեց, որ ընտանիքը պատրաստվում է անհատական ցուցահանդես նվիրել Լև Բայախչևի ծննդյան 90-ամյակին: Այնուհետև ներկաները դիտեցին տեսանյութ նկարչի մասին: Լև Բայախչևի անհատական ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնում կշարունակվի մինչև 2017 թվականի մարտի 19-ը: |