2017 թվականի մայիսի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վրացական պոեզիայի հայերեն անթոլոգիայի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր համահեղինակ, Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը:
Դահլիճը բազմամարդ էր. վրաց ժամանակակից գրողներ, բանաստեղծներ, ընթերցողներ, թբիլիսահայ ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, անդրադարձ կատարելով վրաց-հայկական գրական կապերին, արևորեց երկու օր առաջ Թբիլիսիում Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Մարդը և կրկեսը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին հեղինակը և թարգմանիչները: Նման հանդիպումները դառնալով կատարված աշխատանքի հանրագումար, նաև վկայում են հայ-վրացական գրական կապերի զարգացման, միմյանց գրական հաջողություններին ծանոթության մասին: Վրացական պոեզիայի հայերեն անթոլոգիան հրատարակվել է Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակի առիթով: Շնորհավորելով հայ գրչակցին հոբելյանի և վրացական պոեզիայի անթոլոգիան կազմելու համար, Վրաստանի գրողների միության նախագահը ընթերցեց Գագիկ Դավթյանին Գալաքտիոն Տաբիձեի անվան մրցանակ շնորհելու տնօրինությունը: Շնորհաշատ բանաստեղծի հավատո հանգանակը բացի ստեղծագործելուց նաև ստեղծագործության պտուղները միմյանց հասանելի դարձնելն է, իրենը տալ և ուրիշինը փոխանակելը: Առաջին անգամ Վրաստան գալուց և վրաց պոեզիայի աստղաբույլի հետ ծանոթանալուց հետո, հայ բանաստեղծի համար գործունեության նպատակ էր դարձել վրացական պոեզիայի հայերեն թարգմանության ստեղծումը: Ժամանակակից վրացի 34 բանաստեղծների ստեղծագործություններն ամփոփող սույն ժողովածուն դարձավ Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ Գագիկ Դավթյանի ավելի քան 30 տարիների թարգմանական հետևողական աշխատանքի արգասիք: Վրացական պոեզիայի անթոլոգիայում զետեղված են վրաց բանաստեղծների նոր սերնդի առավել օժտված ներկայացուցիչների գործերը: Գողտրիկ և խոհական էր հանդիպումը, քանզի դահլիճում գտնվող վրացի բանաստեղծներ Դավիթ Մճեդլուրին Վախթանգ Խարչիլավան, Դալիլա Բեդիանիձեն, Դավիթ Շեմոքմեդելին, Բադրի Քութաթելաձեն և մյուսներ ունկնդրեցին իրենց բանաստեղծություններից, որ տեղ են գտել անթոլոգիայում բանաստեղծ-թարգմանչի փայլուն թարգմանությամբ, պահպանելով վրացական պոեզիայի յուրահատկությունը: Հոբելյարին գնահատանքի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Վլադիմիր Սարիշվիլին, Գուրամ Օդիշարիան, Վան Բայբուրթյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Բաղաթուր Արաբուլին, Գիվի Շահնազարը, Գարի Ղալամքարովը և ուրիշներ: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Բարձր գնահատելով երկու երկրների գրողների միությունների բեղմնավոր գործունեությունը, թեմակալ առաջնորդը արժևորեց տիկինՄաղվա Գոնաշվիլու, պարոն Էդվարդ Միլիտոնյանի ղեկավարությամբ երկու երկրների գրողների միությունների արգասաբեր աշխատանքը: Սրբազան հայրը նաև խոսեց Թումանյանի տուն-թանգարանի «Վերնատուն» գրական և մշակութային կապերի կենտրոնի մասին, որի առաքելությունը լինելու է հայ-վրացական գրական և մշակութային կապերի զարգացումը, համատեղ միջոցառումները, երիտասարդության պատրաստումը և հրատարակչական գործունեությունը: Վերջում ելույթ ունեցավ Գագիկ Դավթյանը: Նա շնորհակալություն հայտնեց հոբելյանի և գրական մրցանակի արժանացնելու համար:Իսկ վրացական պոեզիայի անթոլոգիայի պատրաստումը իր տարիների երազանքն էր, որը իրականացվել է մեծ սիրով և նվիրումով, քանզի իր համար մեծ երջանկություն էր վրաց բանաստեղծների ստեղծագործական աշխարհից նմուշները հայերենով հայ ընթերցողին հասանելի դարձնելը: Ելույթ ունեցողները պատմեցին հուշեր հայ և վրացի գրողների կյանքից: Երեկոն դարձավ հայ-վրացական գրական կապերի ամրապնդման մի գեղեցիկ վկայություն:
|