1

fb you od

Ախալքալաքում ոգեկոչեցին Անահիտ Բոստանջյանի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

20248288 13527354 

2017 թվականի հուլիսի 20-ին Վրաստանի մշակույթի նախարարության «Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում իրականացված մշակույթային միջոցառումը նվիրվեց վաղամեռիկ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի հիշատակին: Միջոցառումը կյանքի էր կոչվել Գիորգի Լեոնիձեի անվան վրաց գրականության թանգարանի աջակցությամբ, այն Ախալքալաքում իրականացվում է արդեն երկրորդ տարին:

Հիշատակի երեկոյին ներկա էին Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Բացելով միջոցառումը, նախագծի համակարգող և միջոցառման վարող Ալեքսանդր Գրիգալաշվիլին նշեց, որ դեռևս անցյալ տարի այս միջոցառման շունչն ու ոգին Անահիտ Բոստանջյանն էր իր բոցաշունչ խոսքով, հայ-վրացական բարեկամությանը, ի մասնավորի գրական կապերին ու դրանց կամրջմանը նվիրված ջերմագին ելույթով: Իսկ այսօր, ավաղ, միջոցառումը նրա հիշատակի ոգեկոչում է: Ցուցադրվեց ֆիլմ Անահիտ Բոստանջյանի մասին:

Մշակույթի տան նախասրահում ներկայացված էին Անահիտ Բոստանջյանի բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանությունները, «Կամուրջ» տարեգրքի տարբեր համարներ, ցուցադրվել էին նաև տեղի «Ապագայի տուն» կենտրոնի ձեռքի աշխատանքները:

Վաղամեռիկ բանաստեղծուհու ստեղծագործությունների, թարգմանությունների, հրատարակությունների և երիտասարդ սերնդի հետ տարվող աշխատանքի մասին ելույթ ունեցան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը և այլք: Շնորհաշատ բանաստեղծուհուն նվիրած սեփական բանաստեղծությունն ընթերցեց Գևորգ Հայասան:

Այնուհետև ծոր տվեց համերգային մասը, որն իր երանգավորմամբ և բազմաբղետությամբ իրավամբ միջոցառման խորհրդին համապատասխան էր: Հիշատակի երեկոյին մասնակցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի ուսուցիչ Իվանե Մկրտչյանը, նրա աշակերտ Դերենիկ Մկրտչյանը, դհոլի խմբի ուսուցիչ Ռոբերտ Կաշավանիձեն, մեներգչուհի Աննա Բադալյանը, երաժշտական ձևավորող Սերգո Հարությունյանը: Իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան տեղացի կատարողներ դաշնակահարուհիներ Անահիտ Ստելմաշովան և Կարինե Կազանջյանը, դուդուկահար Տիգրան Մղդեսյանը: Ասմունքով և այլ կատարումներով միջոցառմանը միացան Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու «Ապագայի տուն» և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնների սաները, Լևոն Չիդիլյանի և Մայա Դեիսաձեի ընթերցմամբ հայերեն և վրացերեն հնչեցին բանաստեղծուհու ստեղծագործությունները: Իսկ Անահիտ Բոստանջյանի թոռնուհի Անի Թորոսյանը կատարեց տատի խոսքերով Կախա Ցաբաձեի «Հին Թիֆլիսում» երգը: Երեկոյի վերջում շրջանի դպրոցների մի խումբ աշակերտների ամբողջ ուսումնական տարվա ընթացքում դրսևորած առաջադիմության և առանձնացել ակտիվության համար նվիրեցին գրքեր:

Միջոցառման հաջորդ օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի խումբը ղեկավարների ուղեկցությամբ այցելեց Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցի և Ռաֆայել Ջավախ կենտրոն՝ որի գրադարանին փոխանցեց Անահիտ Բոստանջյանի դուստրերի կողմից կենտրոնին նվիրած գրականությունը:

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)