Վիրահայոց թեմի պատվիրակությունը՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 50-ամյակին |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում հանդիսավորապես նշվեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 50-ամյակը: Պանծալի հոբելյանի տոնակատարությանը ներկա էին ՀՀ իշխանության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հյուրեր ԱՄՆ-ից և այլ երկրներից: Պատվավոր հյուրերի շրջանում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամը բարեգործական հաստատություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1967 թվականի մայիսի 17-ին` Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա` ի հիշատակ իր ծնողների: Ծրագիրը ծավալուն և կենսական կարևորության նախաձեռնություններ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում ապրող հարյուր հազարավոր հայերի համար, որոնք ապրելով հակամարտության, աղքատության և անկայուն պայմաններում` դժվար կացության մեջ են հայտնվել: Միջոցառումը բացեց Ջինիշյան հիշատակի ծրագրի ԱՄՆ գրասենյակի տնօրեն Էլզա Մինասյանը: Արձանագրելով հիմնադրամի գործունեությունը աշխարհի բազում երկրներում՝ բանախոսը արժևորեց հայերի բարեկեցությանն ուղղված հիմնադրամի նպատակը: 1993 թվականին իր գործունեությունը սկսելով Հայաստանում, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը աջակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանում, Արցախում և Վրաստանում: Իսկ վերջին 15 տարիներին ընդարձակելով գործունեության շրջանակները, հիմնադրամն իրականացնում է նաև խնդիրների վերացմանն ուղղված ծրագրեր: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորանքի իր խոսքում արժևորեց հիմնադրամի գործունեությունը կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Շնորհավորելով հիմնադրամի հոբելյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գնահատանքի խոսքեր ուղղեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բարեգործական գործունեությանը՝ հանուն ազգի զավակների բարօրության, ազգային կառույցների զարգացման, լեզվի ու մշակույթի պահպանման: Թեմակալ առաջնորդը արժևորեց հիմնադրամի մասնակցությունը Հովհաննես Թումանյանի տան վերանորոգչական աշխատանքներին, Թեմի հովանու ներքո գործող Թբիլիսիում՝ «Հայարտուն», «Հովհաննես Թումանյանի տուն», Բաթումիում՝ «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնների ստեղծմանը, վերանորոգչությանը և գործունեությանը օժանդակող բազում այլ ծրագրերի իրականացմանը, Ջավախքում հոգևորն ու ազգայինը պահպանելու գործին մղված սոցիալական, բարեգործական նախագծերը, որոնք կյանքի են կոչվել արժանավոր այս հիմնադրամի նյութական աջակցությամբ: Երախտագիտության խոր զգացումով իր բացման օրից՝ 2011 թվականից ի վեր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սրահներից մեկը կրում է արժանավոր հայորդի «Վարդան Ջինիշյանի» անունը: Սրբազան Հայրն իր շնորհավորանքի խոսքն ավարտեց հոբելյանի կապակցությամբ հիմնադրամին հանձնելով օրհնության գիր և նվիրելով թբիլիսահայ շնորհալի նկարիչ Թենգիզ Միկոյանցի կտավը: Նույն օրը Վիրահայոց թեմի պատվիրակությունն ամբողջական կազմով, որի շրջանում էին թեմակալ առաջնորդին ուղեկցող Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, իրավական հարցերի ու պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը,ներկա գտնվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Ջինիշյանի հիմնադրամի աջակցությամբ իրականացված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ Մուրացկաններ» նոր, երաժշտական ներկայացման առաջնախաղին: |