Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Վրաստանի հայաբնակ բնակավայրերում անց է կացվում «Տոլմա-2018» ավանդական փառատոնը: 2018 թվականի մայիսի 10-ին փառատոնը մեկնարկեց Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Փառատոնը Ռուսթավի հայ համայնքի համար նորույթ էր և անց էր կացվում առաջին անգամ, բայց ազգային սիրված այս ճաշատեսակը Ռուսթավիում ցուցադրելու ցանկությունը մեծ էր հայ տնտեսուհիների համար: Կենտրոնի սրահի երկայնքով շարված սեղաններին ախորժալի տեսք էր տալիս 11 տանտիրուհու ձեռքով պատրաստված հայկական տոլմայի տեսականին՝ վազի տերևով, կաղամբով, բանջարեղենով՝ համադրված թթվասերով, մածունով, կիտրոնով, մի խոսքով՝ այն ամենը՝ ինչ բնորոշ է հայկական խոհանոցին: Փառատոնի բացմանը ներկա էին կենտրոնի սաների ծնողները, ակտվիստները, Թբլիսիից ժամանած Վիրահայոց թեմի պաշտոնյաները: Միջոցառման պատվավոր հյուրն էր Ռուսթավիի քաղաքապետարանի ներկայացուցիչ պարոն Կոնստանտինե Մալանիան: Փառատոնը բացեց Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի խնամատար և Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Վերջինս անդրադարձ կատարեց տարիներ ի վեր թեմում հաստատված հայկական ճաշատեսակների, ի մասնավորի ազգային տոլմայի ժողովրդականացման ավանդույթին և նշեց, որ ուղիղ մեկ տարվա կենսագրություն ունեցող Ռուսթավիի հայությանը համախմբող հոգևոր կենտրոնը նույնպես ընդգրկվել է թեմական միջոցառմանը, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և հրավիրեց համտեսելու տոլման: Այդ ընթացքում մրցատյանը, որի կազմում էին կենտրոնի խաչի կնքահայր Գարի Նալբանդյանը, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և տեղի ակտիվիստ Ավետիք Ավետիսյանի ձեռնամուխ եղան ներկայացված տոլմայի հատկանիշները տարբեր անվանակարգերիցգնահատելու պատասխանատու գործին: Հյուրասիրությունն ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցում էին կենտրոնի «Բերկրի» երգի և «Նեմրութ» պարի խմբերը, միջոցառման մյուս մասնակիցները: Ուշագրավ էր մրցատյանի որոշումը, որի համաձայն ներկայացված տոլմաները գնահատվել էին երեք անվանակարգերով: «Լավագույն համ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուիզա Մելիքսեթյանը, «Լավագույն» տեսք» անվանակարգում՝ Լուսինե Սազբանդյանը, իսկ «Լավագույն մատուցում» անվանակարգից՝ Քրիստինե Տիրոբյանը: Ռուսթավի քաղաքապետարանի ներկայացուցիչը շնորհավորեց հաղթողներին, իր գոհունակությունը հայտնեց միջոցառման համար, այն ակնկալիքով, որ հաջորդ տարիներին փառատոնը կդառնա ավելի ընդգրկուն, որին կմասնակցի Ռուսթավի քաղաքի բազմազգ բնակչությունը: Հաղթողներին Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնի կողմից փոխանցվեցին նվերներ և պատվոգրեր: Տոլմայի փառատոնը Վիրահայոց թեմում շարունակվում է:
|