Լուրեր
|
Հունվարի 28-ը Հայոց Բանակի օրն է: Արդեն 27 տարի է հայ ազգը Հայաստանում և Սփյուռքում տոնում է իր բանակի, իր զինվորի տոնը։ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները Թբիլիսիում մեկնարկեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց, որտեղ Նահատակված զինվորների հիշատակին մոմեր վառեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության աշխատակազմը, հավատացյալները: Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հայոց բանակի վերակազմավորման և հայ զինվորի տոնի առիթով շնորհավորական խոսք ասացին Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը:Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին:
Հայոց բանակի տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմի Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունում: Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք ի պաշտպանություն և ի պահպանություն Հայոց Ազգի և նրա Պաշտպանական բանակի։ Աղոթքի ավարտին Հոգևոր Տեսչությունը շնորհավորեց ներկա հավատացյալներին, իսկ տոնական օրն առավել գեղեցկացրեց «Ախալցխա» երգի և պարի համույթը։ Հունվարի 28-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
|