Հեշտիա գյուղում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա |
Լուրեր |
2019 թվականի փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացումը: Լաբորաորիան ստեղծվել է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» (ՋԱՀ) հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, «Կարիտաս Վրաստան»-ի նախագահ, եպիսկոպոս Բեն Բեթ Յադեգարը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախագահ Սոս Սահակյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը, գործարարներ և այլք: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը: Հյուրերին դիմավորեցին ավանդական աղուհացով: Արմաթ բառը պետք է հասկանալ հայկական մաթեմատիկա , որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին: Նմանատիպ բացառիկ լաբորատորիաներ Ջավաքում ընդամենը երկուսն են՝ Ախալքալաք քաղաքում և Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենի շենում մնալու հեռանկարներ: Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: Առաջիկայում, Ջավախքին աջակցություն հիմանադրամը նախատեսում է Սամցխե-Ջավախք տարածաշրջանում բացել ևս 5 նման լաբորատորիա: Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ |