2019 թվականի փետրվարի 28-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրը: Տոնի առիթով Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում:
Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ մտավորականությունը, հավատացյալներ: Հընթաց Սբ. Պատարագի հավուր պատշաճի քարոզ ասվեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին և արժևորվեցին հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները: Պատարագիչ քահանան հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը: Այնուհետև Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»: Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք, միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության: Սբ.Պատարագին միացան նաև ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուխտավորները, տեղի արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի և գյուղապետ Սմբատ Մուղդոսյանի գլխավորությամբ: Օրհնելով ուխտավորներին և Բերդավանի մշակույթի կենտրոնի սաներին ու հավատացյալներին, Վիրահայոց թեմի առաջնորդը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պաշտպանելու և հավատքին հավատարիմ մնալու գոյամաքառումներով հայ ժողովրդի տարած հաղթանակներին և Վարդանանց զինվորների գործը շարունակողներ անվանեց Բերդավան սահմանամերձ գյուղից ժամանած հյուրերին, ովքեր ոչ միայն արիաբար պաշտպանում են հայրենիքի սահմանները, այլև պահում և զարգացնում են մեր մշակույթը: Թեմակալ առաջնորդը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ և ներկաներին հրավիրեց վայելելու Բերդավանի սաների համերգը: Թբիլիսիում Վարդանանց տոնը Բերդավան գյուղի մշակույթի կենտրոնի (տնօրեն՝ Սամվել Սևիլյան) սաների ուժերով դարձավ հիրավի տոնական, քանզի չնայած սառը եղանակին, երեխաները իրենց երգով, պարով, արտասանությամբ, հաղթական միասնական շուրջպարով մթնոլորտը հագեցրին հայրենասիրության, ազգասիրության, ազատության, պետականության ու հավատքի անսասանության վեհ զգացմունքներով: Համերգի վերջում առաջնորդարանի կողմից կատարվեց հյուրասիրություն, որից հետո տավուշցի հյուրերն այցելեցին Հայոց մեծերի պանթեոն իրենց խոնարհումը բերելով Հովհաննես Թումանյանի գերեզմանին:
|